Հայտնի մի անեկդոտ կա, երբ աղջկա ձեռքը խնդրող տղան ապագա աներոջ՝ «ի՞նչ ունես-չունես, ո՞վ ես» հարցին պատասխանում է․ «Տուն, ամառանոց, մեքենա, գործարան որ ունենամ, լա՞վ է»։ Հարսանիքից հետո աղջկա հայրը, թե՝ բա ուր է տունը, ամառանոցը, մեքենան, գործարանը։ Փեսան էլ, թե՝ ես չեմ ասել ունեմ, ասել եմ, որ ունենամ, լա՞վ է։
Գրեթե այս նույն տրամաբանությամբ Գյումրու ավագանուն աղբի վերամշակման և աղբահանության նոր տարբերակն առաջարկեց «Արմ Գրին Վորլդ Գ» ՍՊԸ-ն։ Հայաստանում վերջերս հիմնված այս ընկերությունը Իրանի Քիշ քաղաքում գործունեություն ծավալող մեկ այլ ընկերության դուստր ձեռնարկությունն է։
Պատասխանատուն ասաց՝ Գյումրու թափոնների համալիր կառավարման, տեսակավորման, վերամշակման և սանիտարական աղբավայրի կառուցման ու շահագործման ծրագիր ունեն։
Լաերտ Գևորգյանը վստահեցրեց՝ իրենց ծրագրի իրականացմամբ Գյումրիում ծխացող աղբանոց չի լինի, 20 նոր աշխատատեղ կստեղծեն, կոմունալ բաժնի աշխատակիցներին իրենց մոտ աշխատանքի կընդունեն, մայթերին հատուկ արկղեր կդնեն, որ գյումրեցին իր տեսակավորած աղբը նետի, տեղում էլ քարտին իր գումարը ստանա։ Սա մի պահ հիշեցրեց մեծ շուքով ընդունված և անձայն անհետացած Գյումրիում թռչող տրամվայներ ունենալու նախագիծը։
Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Շավարշ Արամյանը նկատեց՝ ժամանակին ներկայացված նմանատիպ բազմաթիվ ծրագրերից մեկով անգամ նախատեսվում էր աղբի վերամշակման արդյունքում ստանալ գունավոր սալիկներ, անգամ Գյումրու կենտրոնական հատվածները հենց այդ գունավոր սալիկներով սալիկապատել և այլն։