Օրեր առաջ Օլիմպիական չեմպիոն, Աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է տեղի ունեցել։ Մարզիկի հարսանիքն անցկացվել է նոյեմբերի 8-ին Կիպրոսի Լիմասոլ քաղաքում մտերիմների, հարազատների և ընկերների նեղ շրջանակում։
Զույգի պսակադրությունը տեղի է ունեցել Լիմասոլի Սուրբ Գևորգ եկեղեցում։ Հարսանեկան արարողությանը ներկա են եղել նաև մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչներ, այդ թվում՝ հայ անվանի ըմբիշներ Արման Անդրեասյանը, Մալխաս Ամոյանը, Արսեն Հարությունյանը և Հայկ Մելիքյանը։
Նշենք, որ Արթուր Ալեքսանյանի ընտրյալը նույնպես ծնունդով Գյումրիից է։
«Հայկական ըմբշամարտի լեգենդին մաղթում ենք անսահման սեր, ընտանեկան ջերմություն, երջանկություն և երկար տարիների համատեղ ու ներդաշնակ կյանք։ Թող կյանքի այս նոր ճանապարհին հաղթանակները միշտ ուղեկցեն քեզ, իսկ ամենամեծ պարգևը լինի սիրով ու երջանկությամբ լի ընտանիքը»,- ասվում է ֆեդերացիայի հաղորդագրության մեջ։