Սահմանադրական հանձնաժողովի անդամի վարձատրությունը կազմում է ամսական 976 հազար դրամ. գործադիրը հատկացրեց 58 մլն դրամ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 27-ի նիստում,որոշեց ԵՄ-ից ստացված «Աջակցություն Հայաստանում դատական ոլորտի բարեփոխումների իրականացմանը» դրամաշնորհային ծրագրի 2023 թվականի հունվարի 1-ի դրությամբ չօգտագործված մնացորդի հաշվին փոխհատուցել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների վարձատրության հետ կապված ծախսերը:
Հանձնաժողովի կազմում ներգրավված է եղել 5 անդամ: Նրանց վարձատրությունն ապահովվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից։
Վարձատրության չափը յուրաքանչյուր անդամի համար կազմելու է 976 հազար 429 դրամ՝ յուրաքանչյուր ամսվա համար։
Հանձնաժողովի անդամների վարձատրությունը ամբողջությամբ նախատեսվում է կազմակերպել Հիմնադրամին սույն որոշմամբ տրամադրվելիք դրամաշնորհային միջոցների հաշվին՝ 976.429*5*10=48.821.450 դրամի չափով` 2023 թվականի մարտ-դեկտեմբեր ամիսների համար:
Ներկայումս բանակցություններ են ընթանում ՄԱԿ Զարգացման ծրագրի հետ՝ այս մասով ծրագիրը երկարաձգելու և համաֆինանսավորում իրականացնելու համար, սակայն,քանի որ դեռևս առկա չէ ծրագիրը երկարաձգելու մասին որոշում, ուստի հանձնաժողովի վարձատրության ապահովումը հաշվարկվել է ամբողջի մասով: Ընդամենը նախագծով նախատեսվել է հատկացնել 58 մլն 585 հազար դրամ: