News Image

Կառավարությունը 29,3 մլրդ դրամ կվերաբաշխի առողջության ապահովագրությանը՝ կրճատելով սոցծրագրերի հատկացումները

Կառավարությունը նախատեսում է 29,3 մլրդ դրամ վերաբաշխել առողջության համընդհանուր ապահովագրության ֆինանսավորման համար։ Գումարը կհատկացվի Առողջապահության նախարարությանը՝ ապահովագրավճարների պետական սուբսիդավորման պակասորդը ծածկելու նպատակով։

Կառավարությունը նոյեմբերի 12-ի նիստում, չզեկուցվող հարցերի շրջանակում, ընդունել է համապատասխան որոշումը։

Նախագծով նախատեսվում է 19,08 մլրդ դրամ վերաբաշխել Աշխատանքի և բարեկեցության նախարարության բյուջեից, ևս 10,22 մլրդ դրամ՝ պետական պարտքի սպասարկման համար նախատեսված միջոցներից։

Որոշման նախագծի հավելվածների համաձայն՝ Աշխատանքի և բարեկեցության նախարարության մի շարք ծրագրերի հատկացումները նախատեսվում է նվազեցնել։

Մասնավորապես՝

  • 6 մլրդ դրամով՝ անապահով ընտանիքներին տրվող նպաստների ֆինանսավորումը,

  • 5 մլրդ դրամով՝ Արցախից տեղահանվածներին աջակցելու ծրագիրը,

  • 4,5 մլրդ դրամով՝ անհուսալի վարկային պարտավորություններ ունեցող անձանց զբաղվածության աջակցության ծրագիրը,

  • 1 մլրդ դրամով՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստների ֆինանսավորումը,

  • 1 մլրդ դրամով՝ երեք և ավելի երեխա ունեցող ընտանիքներին դրամական աջակցության ծրագիրը,

  • 500 մլն դրամով՝ մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստների ֆինանսավորումը։

Նախատեսվում է նաև 750 մլն դրամով նվազեցնել կենսաթոշակային ապահովության ծրագրի հատկացումները, որից 400 մլն դրամը վերաբերում է կենսաթոշակների և այլ դրամական վճարների իրականացման ապահովմանը, իսկ 350 մլն դրամը՝ օրենքով նշանակված առանձին կենսաթոշակներին։

Եվս 315 մլն դրամ նախատեսվում է վերաբաշխել պարգևավճարների և պատվովճարների ծրագրից։

Նախագծում չի մանրամասնվում, թե այս կրճատումներն ինչպես կանդրադառնան համապատասխան ծրագրերի շահառուների վրա։

Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը Հայաստանում ներդրվում է փուլային տարբերակով՝ 2026 թվականից սկսած։ Առաջին փուլում համակարգում ընդգրկվել են բնակչության որոշ խմբեր, իսկ հաջորդ փուլերում նախատեսվում է աստիճանաբար ընդլայնել ապահովագրվածների շրջանակը։

Share