News Image

Անգամ ՀՀ վարչապետ դառնալու հեռանկարը չգերադասեց ՌԴ անձնագրից ու չհրաժարվեց դրանից. Հակոբյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորի հայտարարությանը՝ արված Հանրայինի եթերում:

Վերջինը մեկնաբանել է ՌԴ նախագահ Վ. Պուտինի հայտարարությունը՝ կապված ռուսամետ ուժերին Հայաստանում ընտրություններին մասնակցել թույլ տալու հետ։

«Ասում է՝ «Իմ կարծիքով ՌԴ նախագահը պաշտպանել է իր պետության անձնագիրը»։

Չեմ կարող վիճել այս պնդման հետ, 100%-անոց ճիշտ է, անձնագիրը խորհրդանշում է երկկողմ պայմանագիր՝ քաղաքացու և պետության միջև, և ՌԴ նախագահի այս հայտարարությունն ընդգծում է պետության գործառույթը սեփական քաղաքացիների շահերը պաշտպանելու առումով։

Բայց չէ՞ որ քաղաքացու և պետության միջև կնքված պայմանագիրը՝ անձնագիրը, նաև պարտավորություն է նախատեսում քաղաքացու համար, օրինակ՝ քաղաքացին պարտավոր է գործել հանուն իր երկրի շահերի։ Հիմա կասեք՝ դե նա նաև ՀՀ անձնագիր ունի, ու ես չեմ կարող ձեզ հետ չհամաձայնվել, այո, ունի, բայց հիշում եմ 44-օրյա պատերազմի օրերին տվյալ եռաքաղաքացին կողմերին՝ Հայաստանին ու Ադրբեջանին, կոչ էր անում հանդարտության, այսինքն՝ հանդես էր գալիս մի երրորդ երկրի դիրքերից։ Այսինքն՝ վերջինս կողմնորոշված է իր սրտի քաղաքացիության հարցում, այդ պատճառով էլ անգամ Հայաստանի վարչապետ դառնալու հեռանկարը չգերադասեց ՌԴ անձնագրից ու չհրաժարվեց վերջինից։

Բայց որպեսզի երկրի ղեկավարի հարցում նման փորձության առաջ չկանգնեցվի երկիրը, հստակ կա պահանջ բարձրաստիճան պաշտոնի հավակնողների՝ այդ թվում վարչապետի թեկնածուի համար, ԼԻՆԵԼ ՄԻԱՅՆ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻ»,- գրել է Հակոբյանը:

Share