ԱՄՆ նախկին նախագահ և Հանրապետական կուսակցության անդամ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ օրինական իրավունք ունի գաղտնի փաստաթղթեր պահել։
Նա այս մասին ասել է Նյու Ջերսի նահանգի Բեդմինսթեր քաղաքում իր կողմնակիցների առաջ ելույթում այն բանից հետո, երբ Մայամիում իրեն մեղադրանք է առաջադրվել գաղտնի գրառումների գործով։
«Լրտեսության մասին օրենքի համաձայն ԱՄՆ նախկին նախագահի դեմ ուղղված մեղադրանքները, որոնք ինձ սպառնում են 400 տարվա ազատազրկմամբ՝ իմ սեփական նախագահական փաստաթղթերը պահելու համար, ինչն արել է գրեթե յուրաքանչյուր նախագահ, ամերիկյան դատարանում երբևէ ներկայացված ամենասարսափելի և արատավոր գործերից է», - ասել է Սպիտակ տան նախկին ղեկավարը։
Նրա խոսքով, լրտեսության մասին օրենքը օգտագործվել է դավաճաններին ու լրտեսներին պատժելու համար, և որևէ առնչություն չունի նախկին նախագահի հետ, ով օրինական կերպով պահել է իր փաստաթղթերը։
«Լրտեսության մասին օրենքը չէ, որ վերաբերում է նախագահին, այլ նախագահի արձանագրությունների մասին օրենքը, որը չի հիշատակվել այս ծիծաղելի 44 էջանոց մեղադրական եզրակացության մեջ: Նախագահի արձանագրությունների մասին օրենքի համաձայն, որը քաղաքացիական է, ոչ թե քրեական, ես իրավունք ունեի պահել այս փաստաթղթերը»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ հունիսի 13-ին Մայամիի դատարանը մեղադրանք է առաջադրել Թրամփին գաղտնի փաստաթղթերի ոչ պատշաճ վարման գործով։ Նախկին նախագահին սպառնում է մինչև 400 տարվա ազատազրկում և մեծ տուգանք։ Սակայն, չնայած մեղադրող կողմին, նա կկարողանա մասնակցել 2024 թվականի նախագահական ընտրություններին։
Թարգմանությունը` Խոսնակ Լրատվականի