Թաիլանդը հայտարարել է, որ երկուշաբթի օրը ավիահարվածներ է հասցրել Կամբոջային՝ վիճելի սահմանի մի քանի հատվածներում կրկին բռնկված մարտերից հետո։ Երկու երկրներն էլ միմյանց մեղադրում են հուլիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ կնքված հրադադարի խախտման համար։
Թաիլանդի զինված ուժերը հայտնել են, որ տեղական ժամանակով ժամը 5:00-ի սահմաններում (ՀՀ ժամանակով ժամը 2:00-ին) սրվել են նոր բախումներ, որոնց հետևանքով զոհվել է առնվազն մեկ թաիլանդցի զինվոր, ութը՝ վիրավորվել։
Թաիլանդի ռազմաօդային ուժերը հայտարարել են, որ Կամբոջան տեղակայել է ծանր զենքեր և վերախմբավորել մարտական ստորաբաժանումները, ինչը կարող էր հանգեցնել լարվածության սրման։
«Այս գործողությունները ստիպել են Թաիլանդին օգտագործել օդային ուժեր՝ Կամբոջայի ռազմական կարողությունները զսպելու և թուլացնելու համար»,- ասվում է զինվորականների հայտարարության մեջ, փոխանցում է BBC-ն:
Իր հերթին, Կամբոջայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ թաիլանդական զորքերը մի քանի օր տևած սադրիչ գործողություններից հետո լուսաբացին երկու կետում հարձակվել են իրենց ուժերի վրա՝ հավելելով, որ կամբոջական զորքերը չեն արձագանքել։
Կամբոջայի նախկին երկարամյա առաջնորդ Հուն Սենը՝ ներկայիս վարչապետ Հուն Մանեի հայրը, թաիլանդական զինվորականներին անվանել է «ագրեսորներ», որոնք փորձում էին հրահրել պատասխան հարված և կոչ է արել կամբոջական ուժերին զսպվածություն ցուցաբերել։
«Արձագանքի կարմիր գիծն արդեն գծված է: Ես կոչ եմ անում բոլոր մակարդակների հրամանատարներին սա փոխանցել սպաներին և զինվորներին»,- գրել է նա սոցցանցերում։
Reuters-ը, հղում անելով նահանգի բարձրաստիճան պաշտոնյայի, հաղորդում է, որ Կամբոջայում տեղի ունեցած մարտերի հետևանքով ծանր վիրավորվել են երեք քաղաքացիական անձինք։
Երկրների միջև եռացող սահմանային վեճը հուլիսին արդեն վերածվել էր հնգօրյա հակամարտության, նախքան Մալայզիայի վարչապետ Անվար Իբրահիմի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ կնքված հրադադարը։ Հոկտեմբերին Թրամփը հատուկ կանգառ կատարեց Մալայզիայում՝ երկու երկրների միջև խաղաղության հռչակագրի ստորագրմանը ներկա գտնվելու համար։
Կամբոջան Թրամփին առաջադրել է Նոբելյան խաղաղության մրցանակի այս ջանքերի համար և շարունակում է հավատարիմ մնալ իր խաղաղության «գործարքին»։
Հարավարևելյան Ասիայի Ազգերի Ասոցիացիայի նախագահ Անվարն արդեն կոչ է արել երկու կողմերին ցուցաբերել առավելագույն զսպվածություն և պահպանել հաղորդակցության բաց ուղիներ։
«Ռազմական գործողությունների վերսկսումը կարող է չեղյալ համարել հարևանների միջև հարաբերությունները կայունացնելու համար կատարված ծանր աշխատանքը»,- գրել է նա «X»-ում։
Վերջին տասնամյակներում Հարավարևելյան Ասիայի երկրները հազվադեպ են ռազմական բախումների մեջ մտել միմյանց հետ, իսկ սահմանային օդային հարվածները ավելի քիչ են, նշում է Reuters-ը։