Ուկրաինան առաջիկայում ԱՄՆ-ից կստանա PAC-3 տեսակի կալանիչ հրթիռների խմբաքանակ՝ Patriot համակարգերի համար:
Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Վլադիմիր Զելենսկին:
«Առաջիկա օրերին մենք կստանանք փաթեթ ԱՄՆ-ից, ինչպես նաև եվրոպացիների հետ առանձին պայմանավորվածություններ ունեինք, այնտեղ դեռ կոնկրետ ժամկետներ չկան, բայց կլինեն լրացուցիչ PAC-3 հրթիռներ», - հայտարարել է Զելենսկին:
Նա նաև նշել է, որ Կիևի և Վաշինգտոնի միջև պայմանավորվածություններ են ձեռք բերվել Ուկրաինայի տարածքում Patriot-ի համար հրթիռների արտադրության շուրջ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ Վաշինգտոնը Կիևին կփոխանցի Patriot զենիթահրթիռային համալիրների արտադրության լիցենզիա։
Bloomberg գործակալությունը գրել էր, որ Ուկրաինայում Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի համար կալանիչ հրթիռների հնարավոր արտադրության գործարկումը երկար ժամանակ կպահանջի և թույլ չի տա Կիևին արագորեն համալրել զինանոցները։