News Image

Դերասանուհի Արսինե Նավասարդյանի որդու սպանության համար մեղադրվող անձը կալանավորվել է

Դերասանուհի Արսինե Նավասարդյանի որդու սպանության համար մեղադրվող անձը կալանավորվել է:

Այս մասին զրույցում հայտնել են Քննչական կոմիտեից՝ նշելով, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (առողջությանը ծանր վնաս պատճառելը) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը):

Վերջինս կալանավորվել է:

Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ:

Ինչպես  հայտնել էինք, փետրվարի 16-ին Կոտայքի մարզի Զովունի գյուղում կրակոց էր հնչել, ինչի հետևանքով մեկ անձ վիրավորվել էր: 

Դեպքի առնչությամբ  Ներքին գործերի նախարարությունից հայտնել էին, որ կարճ ժամանակում կրակոցի հեղինակը հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել էր նախաքննական մարմնին: 

Հանցագործության համար կասկածվող անձը եղել էր ոչ սթափ վիճակում և հանցագործությունը կատարել էր իր անունով հաշվառված որսորդական հրազենով, մանրամասնել էին ՆԳՆ-ից:

Փետրվարի 23-ին արդեն  հայտնի դարձավ, որ «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում Երևանի բնակիչ 31-ամյա Ռուբեն Գ.-ն, գիտակցության չգալով, մահացել է:

Սպանված 31-ամյա Ռուբեն Գ.-ն դերասանուհի Արսինե Նավասարդյանի որդին է: Վիճաբանությունը, մեզ հասած տեղեկություններով, սկսել է այն պատճառով, որ տուժողը ծխախոտ է ուզել, նրան ծաղրել են, վիճաբանություն է սկսել 3 հոգու հետ, և վեճի մասնակիցներից մեկը գնացել, զենքը վերցրել, եկել ու կրակել է:

Share