Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Կիևում BBC-ի հետ հարցազրույցում խոսել է հրադադարի, Ռուսաստանին զիջումների մասին։
Նա հայտարարել է, որ Ուկրաինան չի պարտվում պատերազմում և այն կավարտի հաղթանակով։ Նա կտրականապես դեմ է արտահայտվել Վլադիմիր Պուտինի պահանջների բավարարմանը, որը հրադադարի համար նախապայման է համարել ուկրաինական զորքերի դուրսբերումը ռազմավարական կարևոր շրջաններից, որոնք Ռուսաստանը չի կարողացել գրավել:
«Պուտինն արդեն սկսել է երրորդ համաշխարհային պատերազմը։ Եվ պատասխանելու միակ միջոցը ռազմական ու տնտեսական ճնշումն ուժեղացնելն է՝ նրան նահանջել ստիպելու համար»,-ասել է Ուկրաինայի նախագահը։
Լրագրողը հարցրել է, թե արդյոք հրադադարի համաձայնագիր կնքելու համար Զելենսկին ողջամիտ է համարում Ուկրաինայի վերահսկողության տակ գտնվող 20%-ը (մի շարք բնակավայրեր, որոնք ուկրաինացիներն անվանում են «ամրոց-քաղաքներ»), ինչպես նաև Խերսոնի և Զապորոժիեի մարզերի այլ մասեր հանձնելու պահանջները։
«Ես պարզապես դրան այլ կերպ եմ մոտենում։ Ես դա չեմ դիտարկում որպես պարզապես հող, տարածք։ Ես դա համարում եմ նահանջ, այսինքն՝ թուլացնել մեր դիրքերը, լքել այնտեղ գտնվող մեր հարյուր հազարավոր մարդկանց, այդ նահանջով բաժանել մեր հասարակությունը»,- պատասխանել է Զելենսկին։
Ըստ Ուկրաինայի ղեկավարի՝ հաղթանակն ավելի լայն ընկալմամբ՝ Պուտինից բխող համաշխարհային սպառնալիքի վերացումն է: «Խաղաղության հաղթանակի համար պետք է կանգնեցնել Պուտինին, թույլ չտալ նրան օկուպացնել Ուկրաինան»,- եզրափակել է Զելենսկին: