News Image

Սկսվում է ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ նախագծի շուրջ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրի վավերացման գործընթացը. Կառավարությունը որոշում ընդունեց

Այս որոշմամբ մենք սկսում ենք ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ նախագծի շուրջ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրի վավերացման գործընթացը: Այդ մասին Կառավարության նիստի ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Որոշման ընդունմամբ մենք նախագիծը սահմանված կարգով կուղարկենք ՍԴ, և ՍԴ-ի կողմից միջազգային պայմանագրում ՀՀ Սահմանադրությանը չհակասող դրույթներ արձանագրելու որոշման պարագայում սահմանված կարգով կդիմենք ԱԺ, և հարցի քննարկումը կտեղափոխենք ԱԺ:

Ինչպես գիտեք, շրջանակային համաձայնագիրը նախաստորագրվել է սույն թվականի մայիսի 26-ին՝ իմ և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի կողմից Երևանում, և այնուհետև ընդամենը օրեր անց՝ հունիսի 1-ին և հունիսի 4-ին, համապատասխանաբար, պետքարտուղար Ռուբիոյի և իմ կողմից ստորագրվել է Վաշինգտոնում և Երևանում։

Փարատելով հնարավոր հարցերը՝ ասեմ, որ միջազգային պրակտիկայում և ՀՀ օրենսդրությամբ այսպիսի ոչ համաժամանակյա, հեռավար պայմանագրերի ստորագրումն ընդունված պրակտիկա է:

Ուզում եմ նաև հիշեցնել, որ շրջանակային համաձայնագրի ստորագրմանը նախորդել էր ևս երկու շատ կարևոր փաստաթղթերի՝ 2025 թվականի օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահ Թրամփի ներկայությամբ և վկայությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահի կողմից խաղաղության հռչակագրի ստորագրումը և այդ հռչակագրի ստորագրմանը զուգահեռ մնացած առնչվող փաստաթղթերի ստորագրումը, իսկ այնուհետև՝ արդեն 2026 թվականի հունվարի 13-ին, ԱՄՆ պետքարտուղարի և իմ կողմից՝ «ԹՐԻՓՓ-ի իրականացման շրջանակ» վերնագրված փաստաթղթի ստորագրումը:

Հիմա արդեն այս միջպետական շրջանակային համաձայնագիրն ավելի է մանրամասնում համաձայնեցված դրույթներն ու ուղղությունները և լիովին համահունչ է նշված երկու փաստաթղթերին»,- նշեց նախարարը։

Միրզոյանն ասաց, որ ԹՐԻՓՓ-ի հիմնադրման գործընթացն ավարտելու համար առջևում դեռևս կա ևս երկու փաստաթուղթ՝ բաժնետերերի համաձայնագիրը և ԹՐԻՓՓ զարգացման ընկերության կանոնադրությունը, որոնց վրա աշխատում են ներկայումս:

«Անդրադառնալով բուն շրջանակային համաձայնագրին՝ ուզում եմ նշել, որ համաձայնագրի կնքմամբ արձանագրվում է, որ Հայաստանը և ԱՄՆ-ը նպատակ ունեն Հարավային Կովկասում տրանսպորտային փոխադրումների, տրանսպորտային ենթակառուցվածքների, տարածաշրջանային և գլոբալ առևտրի զարգացման ճանապարհով նպաստել և ամրապնդել Հարավային Կովկասում խաղաղությունը, հաստատված կայունությունը, ինչպես նաև ժողովուրդների և պետությունների զարգացումը։ Սա ևս բազմիցս արձանագրված է շրջանակային համաձայնագրում:

Նաև ուզում եմ նշել, որ ամբողջ գործընթացը համահունչ է և իրականացվում է ՀՀ ինքնիշխանության, իրավազորության և տարածքային ամբողջականության լիարժեք հարգմամբ: Այս մասին ամրագրումներ և արձանագրումներ կան փաստաթղթում։

Արդեն, երևի, տեխնիկական մանրամասներին անդրադառնալով՝ ասեմ, որ համաձայնագրով ՀՀ-ն և ԱՄՆ-ը հիմնադրում են ԹՐԻՓՓ զարգացման ընկերությունը։ Այս ընկերությունը կկարողանա ՀՀ տարածքում տարբեր գոտիներում առանձին նախագծերի համար հիմնադրել հատուկ նշանակության ընկերություններ, ներգրավել այլ գործընկերների։

ԹՐԻՓՓ զարգացման ընկերությունը կստանա օգտագործման և կառուցապատման իրավունք այս գոտիներում, և այդ իրավունքը կգործի նախնական 49 տարի։ Այս ժամկետում ընկերության բաժնեմասերը կբաշխվեն հետևյալ կերպ. ԱՄՆ-ին կպատկանի բաժնեմասերի 74 տոկոսը, իսկ ՀՀ-ին՝ 26 տոկոսը։

Այս նախնական ժամկետի լրանալուց հետո հնարավորություն կլինի կողմերի համաձայնությամբ երկարացնել համագործակցության ժամկետը ևս 50 տարով, և երկարացման պարագայում կապահովվի, որ ՀՀ-ն ունենա ընկերության բաժնեմասերի 49 տոկոսը։ Այսինքն՝ 26 տոկոսից ՀՀ բաժնեմասը կավելանա մինչև 49 տոկոս։

Սա կլինի ժամկետի երկարացման համար ՀՀ-ի կողմից կատարվող և նրան տրվող միակ գործողությունը։ ՀՀ-ն որևէ այլ լրացուցիչ քայլ կամ ներդրումային պարտավորություն չի ստանձնում։

Ուզում եմ նաև ասել, որ ՀՀ-ն, կրկին վերադառնալով նախորդիվ ասածիս, կպահպանի իր լիարժեք ինքնիշխանությունն ու իրավազորությունը պետական սահմանի կառավարման, սահմանային վերահսկողության, մաքսային վարչարարության, ինչպես նաև ՀՀ տարածքում իրականացվող բոլոր մաքսային գործընթացների նկատմամբ։

Նաև Հայաստանը, իր ներպետական օրենսդրությանը և միջազգային համաձայնագրերին համահունչ, կշարունակի պատասխանատու լինել հետևյալի համար՝

ա. անվտանգություն և իրավապահ գործունեություն.

բ. սահմանային վերահսկողություն և սահմանային անվտանգություն.

գ. մաքսային և միգրացիոն վերահսկողություն.

դ. հարկերի և տուրքերի փոխանցում պետական բյուջե.

ե. պետական տեղեկատվական համակարգեր.

զ. պետական վարչական գործառույթներ և վերահսկողություն։

Թվարկածս ամբողջությամբ ծածկում է և կարող է փարատել բոլոր մտահոգությունները, որոնք, անկեղծորեն, կարող էին առաջանալ բազմաթիվ քննարկումների ընթացքում Հայաստանի հանրության շրջանում, ինչպես նաև չարամիտ շահարկումները, որոնց մենք ականատես ենք եղել առնվազն վերջին ամիսների ընթացքում։

Հավելեմ նաև, որ այս գործառույթների իրականացման համար կարող է սահմանվել front office/back office սկզբունքով աշխատանքի բաժանում։ Front office-ի համար կարող են ներգրավվել մասնավոր օպերատորներ։ Սա մի պրակտիկա է, որն արդեն կիրառվում է ՀՀ-ում»,- նշեց Արարատ Միրզոյանը։

Անդրադառնալով ստեղծվելիք «ԹՐԻՓՓ պլյուս» ամերիկյան ընկերությանը՝ Միրզոյանը նշեց.

«ԹՐԻՓՓ զարգացման ընկերության հիմնադրումը նախատեսված է ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ համաձայնագրով, և այստեղ նախատեսված է, որ կստեղծվի ԹՐԻՓՓ զարգացման ընկերություն։

ԹՐԻՓՓ զարգացման ընկերության հիմնադիրները տեխնիկապես կլինեն ՀՀ կառավարությունը և «ԹՐԻՓՓ զարգացման ընկերություն ԱՄՆ» կոչվող ընկերությունը, որը կհիմնադրվի ԱՄՆ-ում։ Սա պայմանավորված է ԱՄՆ-ի իրավական կարգավորումներով, իրենց կառավարությանը վերապահված լիազորություններով կամ սահմանափակումներով։

«ԹՐԻՓՓ զարգացման ընկերություն ԱՄՆ» կոչվող ընկերության միջոցով, ինչպես նաև այս ծրագրի իրականացման համար ներդրումներ ներգրավելու նպատակով, ստեղծվում է ամերիկյան ներդրումային ընկերություն, որի անունը «ԹՐԻՓՓ պլյուս» է։

Իրավական առումով սա մեր ԹՐԻՓՓ զարգացման ընկերության հետ միջնորդավորված և անուղղակի կապ ունի։ «ԹՐԻՓՓ պլյուս» կոչվող ամերիկյան ներդրումային ընկերության ղեկավարը նշանակված անձ է, և դրա հիմնադրումն արդեն իրականացվել է։

Այն, ինչ մեր մամուլում երեկ և այսօր գրվել է, վերաբերում է հենց «ԹՐԻՓՓ պլյուս» ներդրումային ընկերությանը։ Սա Հայաստանի տարածքում գործող կամ հիմնադրվելիք ԹՐԻՓՓ զարգացման ընկերության հետ միայն անուղղակի կապ ունի»։

Share