ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանն ընդունել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանին։
ԲՏԱ-ից հայտնում են, որ հանդիպումը կայացել է 2026 թվականի հոկտեմբերի 19-30-ը Հայաստանում անցկացվելիք ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախապատրաստական և կազմակերպչական աշխատանքների շրջանակում։
«ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, որպես COP17-ի նախապատրաստական աշխատանքներն իրականացնող միջգերատեսչական աշխատանքային խմբի անդամ, ներգրավված է համաժողովի կազմակերպման գործընթացում՝ համակարգելով և ապահովելով, որ միջոցառման շրջանակում պատշաճ ներկայացված լինեն տեխնոլոգիական նորարարությունները, կիրառական գիտական լուծումները և ոլորտի զարգացման ներուժը։
Քննարկման ընթացքում կողմերը անդրադարձել են համաժողովի կազմակերպչական և բովանդակային հարցերին, տեղեկատվություն փոխանակել առաջնահերթությունների, հարակից միջոցառումների, ազգային տաղավարի տեխնոլոգիական ձևաչափի, ինչպես նաև համագործակցության և համաձայնեցված գործողությունների հիմնական ուղղությունների վերաբերյալ։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել համաժողովի օրերին պատվիրակությունների համար կապի և հեռահաղորդակցության անխափան աշխատանքի, թվային ենթակառուցվածքների պատրաստվածության և անհրաժեշտ տեխնոլոգիական լուծումների ապահովման հարցերին։
Գևորգ Մանթաշյանը նշել է, որ COP17-ը Հայաստանի համար կարևոր հնարավորություն է ոչ միայն բարձր մակարդակով միջազգային միջոցառում կազմակերպելու, այլև երկրի տեխնոլոգիական և նորարարական ներուժը միջազգային գործընկերներին ներկայացնելու, ինչպես նաև կիրառական գիտության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության ու ներդրումների գրավչության նոր հնարավորություններ ստեղծելու տեսանկյունից։
Հանդիպման ավարտին կողմերը հստակեցրել են համատեղ աշխատանքի հետագա քայլերը, նախանշել ժամկետներ և պայմանավորվել շարունակել համակարգված համագործակցությունը՝ համաժողովի կազմակերպման և բովանդակային պատրաստության աշխատանքներն արդյունավետ իրականացնելու նպատակով»,- ասվում է հաղորդագրության մեջ: