Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2026 թվականի փետրվարի 20-ին ամփոփվել են Վայոց ձորի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքները:
Ամփոփմանը ներկա են եղել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, ՀՀ զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանը, Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանը, Վայոց ձորի մարզի դատախազ Ասպուրակ Ավետիսյանը, Ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի մարզային կառույցների ղեկավարները, մարզի դատախազության դատախազները և այլք:
Ասպուրակ Ավետիսյանը, ներկայացնելով Վայոց ձորի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքների զեկուցագիրը, նշել է, որ 2025 թվականին մարզում նախաձեռնվել է 845 քրեական վարույթ (2024 թվականին՝ 865 քրեական վարույթ):
Հաշվետու ժամանակահատվածում դատախազների հաստատած մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 193 քրեական վարույթ՝ 194 անձի վերաբերյալ (2024 թվականին՝ 179 քրեական վարույթ՝ 191 անձի վերաբերյալ):
2025 թվականին դատարաններում ավարտվել է 185 քրեական գործ՝ 190 անձի վերաբերյալ (2024 թվականին՝ 135 քրեական գործ՝ 138 անձի վերաբերյալ):
Քրեական վարույթներով պետությանը պատճառված վնասից 2025 թվականին վերականգնվել է 126 միլիոն 585 հազար դրամ վնասը:
Անդրադառնալով պետական (համայնքային) շահերի պաշտպանության ոլորտում իրականացված աշխատանքներին՝ Վայոց ձորի մարզի դատախազը տեղեկացրել է, որ 2025 թվականին Վայք համայնքին է վերադարձվել 1.0172 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության անշարժ գույք:
Գլխավոր դատախազը Վայոց ձորի մարզի դատախազին և դատախազության դատախազներին տվել է մի շարք հանձնարարականներ՝ ուղղված պետական և համայնքային շահերի պաշտպանության ոլորտում աշխատանքների ակտիվացմանն ու մարզում հանցագործությունների կանխարգելմանը և բացահայտմանը: