News Image

Արդարադատության նախարարի տեղակալները ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկել են համագործակցության շարունակականության հնարավոր ուղղությունները

Արդարադատության նախարարի տեղակալներ Տիգրան Դադունցը և Օկսաննա Աբրահամյանն ընդունել են Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչներին՝ քննարկելու համագործակցության շարունակականության հնարավոր ուղղությունները։ Այդ մասին հայտնում են արդարադատության նախարարությունից:

Նախարարի տեղակալները բարձր են գնահատել տարբեր ուղղություններով Բանկի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը՝ ընդգծելով դրա կարևորությունը բարեփոխումների առաջմղման և ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդման տեսանկյունից։

Բանկի գործընկերները ներկայացրել են քաղաքականության վրա հիմնված վարկերի (policy-based loans) կառուցակարգերը և պատրաստակամություն են հայտնել աջակցություն տրամադրելու Արդարադատության նախարարության համար առաջնահերթություն համարվող բարեփոխումների իրականացման գործընթացում։

Կողմերը անդրադարձել են Արդարադատության նախարարության համակարգմամբ իրականացվող օրենսդրական բարեփոխումներին, այդ թվում՝ սնանկության ոլորտում նոր օրենսգրքի ընդունմանը, իրավակիրառ մարմինների կարողությունների զարգացմանը, ինչպես նաև էլեկտրոնային արդարադատության գործիքակազմերի իմպլեմենտացմանը։

Հանդիպման ավարտին երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել և խորացնել արդյունավետ համագործակցությունը առաջիկա տարիների ընթացքում՝ նպատակ ունենալով ապահովել ոլորտային բարեփոխումների շարունակական և կայուն իրականացումը։

Share