News Image

Փոխվարչապետն ու Քվրիվիշվիլին քննարկել են երկկողմ առևտրի, զբոսաշրջության, էներգետիկայի, կապի վերաբերյալ հարցեր

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հյուրընկալել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Քվրիվիշվիլիի գլխավորած պատվիրակությանը։

Ողջունելով նախարար Քվրիվիշվիլիի այցը Հայաստան՝ փոխվարչապետը ընդգծել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցության խորացումը երկուստեք դիտարկվում է որպես կարևոր հանձնառություն, ինչն արտացոլվում է երկկողմ հարաբերությունների ներկա դինամիկայով։

Կարևորելով քաղաքական ակտիվ երկխոսությանը զուգահեռ տնտեսական համագործակցության շարունակական ամրապնդման անհրաժեշտությունը՝ զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ առևտրի, զբոսաշրջության, էներգետիկայի, կապի և հեռահաղորդակցության, ինչպես նաև համագործակցության այլ կարևոր ուղղությունների վերաբերյալ։ Այս համատեքստում երկուստեք ընդգծվել է առկա համագործակցության ընդլայնման և խորացման անհրաժեշտությունը երկկողմ հարաբերություններում դեռևս չիրացված ներուժն իրացնելու և դրանից բխող հնարավորություններն առավել արդյունավետորեն օգտագործելու տեսանկյունից։

Տիգրան Խաչատրյանը և Մարիամ Քվրիվիշվիլին մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային կապակցվածության ծրագրերի շուրջ՝ անդրադարձ կատարելով «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը և դրա իրականացման շրջանակներում երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններին։

Share