Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ անդրադարձել է առանց բետոնե ծածկի ասֆալտապատման աշխատանքներին:
«Նոր Նորքի պատասխանատու ինժեներներն ո՞ւր էին, երբ առանց բիտումի ասֆալտ էին լցնում»,- բարկացել է Ավինյանը:
Նա նախ նշել է, որ վարչական շրջաններում որոշակի խնդիրներ են արձանագրվել. տեղի է ունեցել անվերահսկելի հայկական հին շինարարական մեթոդներով աշխատանք:
«Պետք է հետները մարդ դնել, որովհետև երբ չկա վերահսկողություն, աշխատանքում ով ոնց կարողանա, անպայմանորեն պակաս է անելու: Օրը ցերեկով դա ի՞նչ է նշանակում, մի մարդ չունե՞նք, որ գնա կողքները կանգնի, տեսնի՝ ինչ են անում, կամ ո՞ր դարն է, որ բիտումի վրա 2 կոպեկ ծախսելու համար վաղը այլևս պատվեր չեն ունենալու, գիտակցո՞ւմ են դա»,- նշել նա:
Ի պատասխան Տիգրան Ավինյանի նկատառմանը՝ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Մարատ Սևոյանը հայտնել է, որ պատասխանատու ինժեներները տեղում են եղել, պարզապես աշխատանքը արդյունավետ իրականացնելու համար երկու տեղով են աշխատել, բեռնատարից դատարկել են, որ տեղափոխեն, նկարահանումը հենց այդ պահին է տեղի ունեցել, ապա հավելեց, որ տվյալ հատվածում բիտումով ասֆալտ է արված, նկարները կան:
Ավինյանը նշել է՝ եթե երկու տեղով էլ աշխատանքն անորակ էր արվելու, ապա դրա անելու իմաստը չկար, ու փաստացի երևում է, որ ղեկավարի բացակայության ժամանակ բիտում չեն լցրել: