News Image

Դոնալդ Թրամփին մեղադրանք է առաջադրվել

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել գաղտնի փաստաթղթերի համար, որոնք հայտնաբերվել են նրա նստավայրում` 2022 թվականի օգոստոսին։

Ինչպես հայտնում է Report-ը՝ վկայակոչելով արտասահմանյան լրատվամիջոցներին, այս մասին ասել է ինքը՝ նախկին նախագահը։

Այն հոդվածները, որոնցով մեղադրվում է Թրամփը, հայտնի կդառնան երեքշաբթի՝ հունիսի 13-ին, երբ նա պաշտոնապես պետք է հանձնվի Մայամիի ոստիկանություն։ Դրանից հետո քաղաքական գործչի նկատմամբ կընտրվի խափանման միջոց, կհրապարակվեն հետաքննության նյութերը։

The New York Times-ը, վկայակոչելով երկու աղբյուր, գրում է, որ մեղադրանքում լինելու է յոթ դրվագ՝ ներառյալ երդման տակ ստելը և արդարադատությանը խոչընդոտելու դավադրությունը։ Հետաքննությունը ղեկավարում է հատուկ նշանակված անկախ դատախազ Ջեք Սմիթը։

Իր հայտարարության մեջ Թրամփն իրեն մեղավոր չի ճանաչել և գրել, որ այս օրը «մութ» է համարում ԱՄՆ-ի համար։ Դատախազներն ու Սպիտակ տան պաշտոնյաները հայտարարել են, որ չեն մեկնաբանի Սմիթի որոշումը, քանի դեռ մեղադրանքները չեն հրապարակվել:

Սա Թրամփի դեմ արդեն երկրորդ քրեական գործն է։ Ապրիլին նրան մեղադրանք է առաջադրվել Նյու Յորք նահանգի մեծ ժյուրիի կողմից՝ բիզնես գրառումները կեղծելու համար: Նրա դատավարությունը կսկսվի 2024 թվականի մարտին։

Թրամփն առաջիկա ընտրություններում հանրապետականների կողմից նախագահի թեկնածու առաջադրվելու առաջատարն է։ Եթե ​​նույնիսկ նա մեղավոր ճանաչվի մեղադրանքներից որևէ մեկի համար և ուղարկվի բանտ, դա նրան չի զրկի Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում առաջադրվելու իրավունքից:

Թարգմանությունը` Խոսնակ Լրատվականի

Share