Իսրայելցիներն այսօր ոստիկանության աջակցությամբ մուտք են գործել «Կովերի պարտեզ»։
X-ի էջում հայտնում է «Փրկենք Երուսաղեմի հայկական թաղամասը» նախաձեռնությունը։
Հրապարակված տեսանյութում հայ երիտասարդը պատմում է, որ ոստիկանությունն ապօրինաբար, առանց դատարանի որոշման և առանց նախազգուշացման եկել, հեռացրել է տեղադրված արգելապատնեշները․
«Թեպետ մեկ ամիս առաջ ոստիկանության ղեկավարն ասում էր, որ իրենք այս տարածքում որևէ գործողություն չեն կարող կատարել առանց դատարանի որոշման, բայց այսօր եկել են 20-30 ոստիկանների ուղեկցությամբ և ապօրինի հեռացրել արգելապատնեշները»,- նշում է Իսրայելի համայնքի ներկայացուցիչ Սեդրակ Բալյանը։
Մյուս երիտասարդն էլ կոչ է անում աշխարհի տարբեր երկրների հայ համայնքներին միավորվել և բողոքի ձայն բարձրացնել իրենց կառավարությունների առջև՝ ճնշում գործադրելու Իսրայելի կառավարության վրա այս հարցում։
«Մենք պահանջում ենք ոստիկանությունից հեռու մնալ հայկական թաղամասից, որը հայկական է ավելի քան 1600 տարի»,- նշում է երիտասարդը։
Նրանք շեշտում են, որ Երուսաղեմի հայ համայնքը շարունակելու է իր պայքարը հայկական թաղամասի պահպանման համար։
Սեդրակ Բալյանն իր էջում ևս մի տեսանյութ է հրապարակել, որում երևում է՝ քաշքշուկ է տեղի ունեցել Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչների, այդ թվում՝ հոգևորականների և տարածք ներխուժած իսրայելցիների ու ոստիկանների միջև։
Հիշեցնենք` Արևմտյան Երուսաղեմում հայկական պատրիարքությունը հասութաբեր կալվածքներ ունի, որտեղ մոտ 160 բիզնես կա, և վանքն այդ բիզնեսների եկամտով է ապրում։
Հետևեք մեզ ՏԵԼԵԳՐԱՄՈՒՄ