News Image

2026 թվականից ներդրվող առողջապահության ապահովագրության համակարգը, փաթեթի արժեքը և շահառուները

ՀՀ վարչապետը այսօր աշխատանքային քննարկում է անցկացրել ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ։ Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել առողջապահության ապահովագրության համակարգի ներդրման գործընթացին և դրա արդյունավեր իրականացման ուղղություններին։

2026 թվականի հունվարից նախատեսվում է ներդնել առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգը, որի նպատակն է ապահովել քաղաքացիների հասանելիությունն առողջապահական ծառայություններին և բարձրացնել ոլորտի արդյունավետությունը։

«Մեր առողջապահության ապահովագրության համակարգը համապարփակ չի։ Ինչո՞ւ, որովհետև ոչ բոլոր ծառայություններն է ծածկում։ Այսինքն լինելու են ծառայություններ, որոնք համակարգը չի ծածկելու կամ չի մատուցելու։
Դրա համար` թե՛ քաղաքականապես, և որպես բովանդակությանը համապատասխան լինի, ավելի ճիշտ համարեցինք, որ լինի ընդհանուր, որովհետև առողջապահությունը վերաբերվելու է ի վերջո բոլորին, բայց ոչ ամեն ինչին», – նշել է ՀՀ վարչապետը։

Այնուհետև վարչապետը հարցրեց. «Չնայած, ճիշտ եմ չէ՞ հասկանում, որ աշխարհում չկա այդպիսի առողջապահության համակարգ, որը նույնիսկ ամենահամապարփակ դրված լինի, ամեն ինչ ծածկի, թե՞ կա»։

Ի պատասխան վարչապետի հարցին` առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը պատասխնաեց, որ բազային և հավելյալ ապահովագրական փաթեթները միշտ սահմաններ են ունենում։ Նա ընդգծեց, որ, օրինակ ատամնաբուժական ծառայությունները մեծ մասամբ չեն ընդգրկվում ապահովագրական փաթեթների մեջ` ոչ պետական, ոչ էլ մասնավոր ապահովագրության դեպքում։

Ուսումնասիրելով Հայաստանում հիվանդացությունները` նախարարը նշեց, որ առանձնացվել են առաջնային և առավել կարևոր առողջապահական ծառայությունները, որոնք պետք է ներառվեն ապահովագրության բազային փաթեթում. «Մենք վերլուծել ենք Հայաստանում հիվանդացությունը։ Մարդիկ ինչից են ամենաշատը հիվանդանում, ինչից են հաշմանդամություն ձեռք բերում և մահացությունը ինչի հետ է կապված։ Այս հիվանդությունների շարքը առանձնացրել ենք, և այդ հիվանդությունների մջ առանձնացրել ենք ամենաառաջնակարգ ծառայությունները, որոնք նախ կյանք փրկող են, մեզ զերծ են պահում հաշմանդամությունից, օգնում են որ վախ հայտնաբերենք, այսինքն մենք առաջին անգամ շեշտադրումը արդեն տանում ենք կանխարգելման, վաղ հայտնաբերման վրա, որպեսզի բուժումն էլ ծախսարդյունավետ լինի»։

Բացի դա, ուսումնասիրել են նաև, թե Հայաստանում ինչպիսի ծառայությունների շրջանակ ունեն` սարքավորումների հագեցվածության և բուժանձնակազմի կարողությունների տեսանկյունից, և այդ մեթոդաբանության հիման վրա էլ ձևավորել են ապահովագրական փաթեթը։

ՀՀ վարչապետը անդրադարձավ շահառուների խմբերին. «Մենք ի սկզբանե ունենալու ենք շահառուների խմբեր, որոնց փաթեթների գինը վճարվելու է ուղիղ պետական բյուջեից, և լինելու են շահառուներ, ովքեր մասամբ կամ ամբողջությամբ կվճարեն իրենք։ Բոլոր քաղաքացիների համար և փաթեթները, և փաթեթների գինը նույնն է լինելու, և արդեն տարբերություն լինելու է` թե ում համար ով է վճարելու և ինչ չափ»։

Այսպիսով`

Հունվարի 1-ից շահառուները այն խումբը, որոնց համար վճարումը կատարվելու է ուղիղ պետական բյուջեից, ընդգրկելու է`

մինչև 18 տարեկան քաղաքացիներին։
65 և ավելի տարիք ունեցող անձինք
18-ից 65 տարեկան տարիքային խմբում` հաշմանդամության և սոցիալական վիճակի հիման վրա շահառուները ներառում են`
Առաջին, երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամություն ունեցող անձինք, ինչպես նաև ֆունկցիոնալության գնահատման համակարգով ծանր, խորը և միջին գնահատում ունեցողները։
Սոցիալական անապահովության գնահատման համակարգով 28 և ավելի բալ ունեցող քաղաքացիները։

Տարեկան ապահովագրության փաթեթի արժեքը 129.600 ՀՀ դրամ է։

Share