News Image

Կենսաթոշակների բարձրացումը բարեգործություն չէ․ Սրբուհի Գալյան

«Պետական ռեսուրսների օգտագործմամբ սոցիալական խնդիրների լուծումը որևէ դեպքում չի կարող որակվել որպես բարեգործություն»։

Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով նախընտրական շրջանում թոշակները բարձրացնելու կառավարության որոշմանը՝ ասել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ հավելելով, որ սոցիալական երաշխիքների ապահովումը կամ դրանց բարձրացումը նախատեսված է եղել Կառավարության ծրագրում։

Նրա խոսքով՝ «Բարեգործության մասին» օրենքով սահմանվում է մասնավոր ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից իրականացվող գործունեությունը, և պետական միջոցների ծախսը չի կարող դիտվել որպես բարեգործություն։

«Միաժամանակ ունենք վարչական ռեսուրսների չարաշահման արգելք, որի համար կա վարչական պատասխանատվություն, բայց այն կրկին բարձրացված հարցին վերաբերելի չէ։ Վարչական ռեսուրսի չարաշահման արգելք մենք ունենք նախընտրական քարոզարշավի շրջանում, երբ պետական և տեղական ինքնակառավարման մարմինները պետք է ուշադիր լինեն, որ քարոզարշավի ժամանակ չօգտագործեն պետական միջոցներ, պետական գույք և այլն։ Ինչ վերաբերում է բարեգործության արգելքին, դա կիրառվում է բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձանց ու հիմնադրամների վրա»,- ասել է Գալյանը:

Նրա խոսքով՝ այստեղ ևս կան նրբություններ, այդ պատճառով էլ պետք է բոլոր այն անձինք և կազմակերպությունները, որոնք իրականացնում են բարեգործություն, լինեն ուշադիր և հետևեն այն կարգավորումներին, որոնք գործում են երկրում։

Share