News Image

2018 թվականից ի վեր ՀՀ-ում համակարգային կոռուպցիա չկա. Արթուր Հովհաննիսյան

2018 թվականից ի վեր ՀՀ-ում համակարգային կոռուպցիա չկա, և սա անհերքելի է: Այս մասին խորհրդարանում ելույթ ունենալիս հայտարարեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանի խոսքով՝ ինքը հպարտ է, որ մի քաղաքական թիմի անդամ է, որն ունի այդ քաղաքական հավատամքը, և որին հաջողվել է ինստիտուցիոնալ եղանակով ՀՀ-ից արմատախիլ անել կոռուպցիան առհասարակ:

«Վերջին 8 տարիներին մեզ հաջողվել է ստեղծել ինստիտուտներ, որոնք արդեն ռելսերի վրա են դրվել և արդեն բավականին արդյունավետ աշխատում են: Ունենք շատ մեծ թվով քրեական գործեր, վերադարձված գույքեր՝ ապօրինի գույքով և այլ քրեական գործերի շրջանակում»,- ասաց նա:

Ըստ Հովհաննիսյանի՝ Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատանքը և իշխող կուսակցության աշխատանքը քննադատում են մարդիկ, որոնք պոտենցիալ Հակակոռուպցիոն կոմիտեի ապօրինի գույքի բռնագանձման ինստիտուտի շահառուներ են:

«Հաճախորդներ են, այսպես ասած, և, ըստ էության, հայտնվել են այստեղ քաղաքական վահանով պաշտպանվելու, իրենց գողոնը պահելու համար»,- նշեց նա՝ նկատելով, որ վերջիններս փորձում են քննադատել ու նսեմացնել վերջին տարիներին իրականացված փոփոխությունները:

«Բայց ինչպես այդ փոփոխությունները ունեն դեմք, ինչպես խաղաղության օրակարգը, առողջության համընդհանուր ապահովագրությունը, ինչպես թոշակների բարձրացման փոփոխությունը, սպառազինության ձեռքբերումն ունի դեմք և մի շարք այլ բարեփոխող ծրագրեր ունեն դեմք, այդպես էլ կոռուպցիան ունի դեմք, և երբ ասում ենք կոռուպցիայի դեմք, շատ արագ մեզ գալիս են հայտնի դեմքերը, որոնք Հայաստանում տասնամյակներ շարունակ կերել են ամեն հնարավորը»,- նշեց նա:

Հիշեցնենք՝ խորհրդարանը քննարկում է Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի 2025 թվականի գործունեության մասին հաղորդումը

Share