News Image

Կառավարությունը ևս 2,35 մլրդ դրամով կավելացնի գիտության ֆինանսավորումը. հայտնի է՝ ինչին կուղղվի գումարը

«Առաջարկվում է գիտության ոլորտին հատկացնել լրացուցիչ 2,35 մլրդ դրամ, որը պետք է ուղղվի երկու հիմնական նպատակներով՝ գիտական սարքավորումների ձեռքբերում, գիտական դրամաշնորհային հետազոտությունների իրականացում»:

Այս մասին Կառավարության՝ հոկտեմբերի 15-ի նիստում հայտնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ հիշեցնելով, որ այս երկու ուղղությունները գիտության ոլորտում ռազմավարական առաջնահերթություններ են, և որ 2021-ից սկսած՝ էական ներդրումներ են արվել գիտական սարքավորումների ձեռքբերման ուղղությամբ:

«Արդեն իսկ տասնյակ միլիարդ դրամներ հատկացրել ենք այս նպատակին, որն օգնել է, որ մեր գիտական ինստիտուտներում և բուհերում ձևավորվեն լաբորատորիաներ, որտեղ հնարավոր է իրականացնել նորագույն ամենաարդիական հետազոտությունները, և նույնիսկ այն հետազոտությունները, որոնց համար նախկինում կարիք էր լինում դիմելու արտերկրի լաբորատորիաներին, այսօր այդ աշխատանքները կարողանում ենք իրականացնել Հայաստանում:

Այս տարի այս միջոցառման համար բյուջեով նախատեսվել էր 2,25 մլրդ դրամ, միևնույն ժամանակ մենք 2026-ի բյուջեի կազմման պահին պլանավորել էինք մի ծավալ, որը նախատեսել էինք որպես առաջնահերթություն, և մեր պայմանավորվածությունն էր, որ այդ հարցերին կանդրադառնանք մրցույթների իրականացումից հետո՝ անհրաժեշտ միջոցները հատկացնելով:

Ելնելով այս տրամաբանությունից՝ այժմ 12 գիտական կենտրոնների 21 սարքավորումներով վերազինման նպատակով առաջարկում ենք հատկացնել ևս 1,5 մլրդ դրամի չափով գումար, որը հնարավորություն կտա, որպեսզի մեր բուհերի և գիտական ինստիտուտների կարողություններն է՛լ ավելի զարգանան»,- ասել է նախարարը՝ թվարկելով սարքավորումները և ուղղությունները, որոնց մասով գումարի հատկացում է լինելու:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է, որ 2025 թվականին, երբ պետբյուջեն ընդունվում էր, ոչ մի տողում այս թիվը չի եղել, բայց այսօր այդ թիվը կա, և այս գումարով բազմաթիվ հիմնարկների համար ձեռք են բերվելու սարքեր ու սարքավորումներ: Վարչապետը նաև հիշեցրել է, որ 2018 թվականից գրեթե եռապատկվել է գիտության ֆինանսավորումը, բայց դրա մասին հասարակության մեջ քննարկումներ չեն եղել, հոդվածներ չկան:

«Ուղիղ եմ ասում, գիտեմ, որ կոպիտ եմ ասում, գիտեմ, որ հակազդեցություն է առաջանելու, բայց այն մարդիկ, որոնք գիտության ոլորտի ֆինանսավորման եռապատկման ընթացքում մի տող չեն գրել, մի նամակ չեն գրել, ես այդ նամակներն իգնոր եմ անելու, չնայած հիմա՝ այս օրերին, տասնյակներով այդ թեմայով նամակներ եմ ստանալու: Չեմ կարդում ձեր նամակները, սիրելի՛ նամակագիրներ, չեմ նայում ձեր նամակները, թեման նայում եմ, միանգամից ջնջում են: Տեղյա՛կ եղեք:

Գիտության ֆինանսավորումը մենք են ապահովել, մենք ենք գրել, որ ՀՆԱ-ում ինչքան պիտի լինի գիտությունը, և մենք ապահովելու ենք՝ անկախ այն հանգամանքից՝ նամակ գրո՞ւմ են, թե՞ չեն գրում,- ասել է վարչապետը:

Share