News Image

Կրկնակի փորձաքննություն է իրականացվում, նմուշներն ուղարկվել են այլ երկրներ. Ավանեսյանը՝ Ծավի խմելու ջրի մասին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ճեպազրույցում անդրադարձել է Սյունիքի մարզի Ծավ բնակավայրի ջրի որակի հետ կապված խնդիրին՝ նշելով, որ այժմ կրկնակի փորձաքննություն է իրականացվում, փորձանմուշներն ուղարկվել են նաև այլ երկրներ՝ վստահ լինելու համար, որ բոլոր լաբորատորիաների արդյունքները համադրելի են:

Ըստ նախարարի՝ առաջիկայում հրապարակային հանդես կգան այս հարցով սպառիչ պատասխանով:

Ավանեսյանի խոսքով, որևէ շեղման պարագայում կան հաջորդիվ քայլեր՝ հաստատելու, բացառելու, շեղման տոկոսը վերահաստատելու առումով, իսկ մինչ այդ առավել զգուշավորություն է պետք դրսևորել:

«Ջրի մատակարարումն ապահովված է, քաղաքացիներն ունեն հնարավորություն՝ տրամադրվող ջրից օգտվելու: Համայնքն այդ գործն իրականացնում է: Բնակիչներ կան, որ չեն հետևում [պահանջներին], բայց շեղման տոկոսներն էլ այնպիսին են, և նաև մեր փորձաքնությունների հիման վրա բան չենք տեսնում:

Այնուամենյանիվ, մենք պետք է առավել զգուշավորություն դրսևորենք, վստահ լինենք, որ մաքուր է, համապատասխանում է մեր նորմատիվներին»,- ասել է Ավանեսյանը:

Ծավ բնակավայրում խմելու ջրի որակի հետ կապված խնդիր էր հայտնաբերվել: Ջրի նմուշների լաբորատոր հետազոտությամբ արձանագրվել էր սնդիկի պարունակության սահմանային թույլատրելի շեմի գերազանցում։

Հաշվի առնելով արդյունքները՝ իրականացվել են կրկնակի նմուշառումներ, այդ թվում՝ ջրաղբյուրից և բնակիչների ծորակներից։ Մինչև ջրի որակի խնդրի կարգավորումը բնակիչներին հորդորել են խմելու և կենցաղային նպատակներով չօգտագործել ծորակի ջուրը:

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ծավ գյուղի խմելու ջրի ավազանի մոտակայքում առկա չշահագործվող հանքախորշերից Վարդենիս քաղաքի բնակիչներ Լ. Ա.-ն, Կ. Մ.-ն և Հ. Մ.-ն ձեռքի հորատման գործիքների միջոցով ապօրինի իրականացրել են լեռնահետախուզական և հանքարդյունահանման աշխատանքներ:

Share