News Image

Ասում են՝ Հեղափոխություն արեցինք, էլի դաշնակներ ու ՀՀԿ-ականներ են իշխանության. ես ի՞նչ անեմ՝ հանե՞մ աշխատանքից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում նոր գրառում է կատարել՝ անդրադառնալով Արտաշատ համայնքի ղեկավարի ՀՅԴ-ական թեկնածուի մեղադրանքներին:

«Արտաշատ համայնքի ղեկավարի ՀՅԴ թեկնածուի կինը 2022 թվականի մարտ ամսից աշխատում է Միասնական սոցիալական ծառայությունում, որպես ավագ մասնագետ։

Եվ այս թեկնածուն, իր կուսակիցներն ու համախոհները մեզ մեղադրում են քաղաքական հայացքների պատճառով մարդկանց աշխատանքից ազատելու մեջ։ Ի դեպ, տվյալ թեկնածուն երկու քրեական գործերով ամբաստանյալ է։

Ասեմ ավելին, նման մարդկանց պետական համակարգում ընդգրկված լինելը շատերին հիմք է տալիս մտածելու, որ մենք Ռոբի, Սերժի, դաշնակների, կալուգացիների հետ գաղտնի կապի մեջ ենք։

Շատերն են ասում, որ Հեղափոխություն արեցինք, էլի դաշնակներն ու հանրապետականներն են իշխանության։

Հիմա ես ի՞նչ անեմ՝ հանե՞մ էս մարդկանց աշխատանքից, թե պահեմ»,- գրել է Փաշինյանը:

Արտաշատ խոշորացված համայնքի ավագանու ընտրություններում առաջադրված ՀՅԴ թեկնածու Գերասիմ Վարդանյանը համայնքի գործող ղեկավար և ՔՊ թեկնածու Կառլեն Մկրտչյանին մեղադրել է վարչական ռեսուրսի չարաշահման համար ու հայտարարել, թե վերջինս մի շարք անձանց հրահանգել է աշխատանքից ազատման դիմում գրել ու ազատվել աշխատանքից՝ այլ քաղաքական հայացքներ ունենալու համար:

«Պարո՛ն Վարդանյան, առնվազն դուք պետք է նման բանից չխոսեք, խնդրում եմ ասեք՝ Ձեր կինը որտեղ է աշխատում, նրան երբևէ նման բան ասող եղե՞լ է»,- հարց է ուղղել Արտաշատ համայնքի գործող ղեկավարը:

Ի պատասխան՝ Դաշնակցության թեկնածուն հայտարարել է, թե իր կինը քաղծառայող է:

Share