«Առաջարկվում է անապահով ընտանիքների աշխատունակ անձանց, զորացրված զինծառայողների և Ղարաբաղից տեղահանված անձանց զբաղվածության ծրագրերը միավորել մեկ ծրագրի մեջ, որպեսզի դրանով բարձրացվեն ծրագրի հասցեականությունն ու արդյունավետությունը»:
Այս մասին Կառավարության հոկտեմբերի 22-ի նիստում ասել է աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը:
«Նոր ծրագրով առաջարկում ենք 3 հիմնական փուլ, որոնցից առաջինը կրթական էլեկտրոնային վաուչերներն են: Շահառուներին կտրամադրվի մինչև 250 հազար դրամ արժողությամբ մեկանգամյա վաուչեր՝ մասնագիտական ուսուցում անցնելու համար: Այն հնարավոր կլինի օգտագործել տրամադրումից հետո՝ 6 ամսվա ընթացքում, ԿԳՄՍՆ-ի երաշխավորած ոչ ֆորմալ կրթության մոդուլային ծրագրեր իրականացնող կազմակերպություններում, իսկ ուսուցման ավարտին շահառուն կստանա համապատասխան վկայական:
Դրանից հետո հաջորդ փուլում նախատեսվում է ֆինանսական աջակցություն գործատուին: Վաուչերով ուսուցում անցած, վկայական ստացած անձին համապատասխան մասնագիտությամբ աշխատանքի ընդունելու և նրա հետ առնվազն 3 ամիս ժամկետով աշխատանքային պայմանագիր կնքելու դեպքում գործատուին կփոխհատուցվի աշխատավարձից հաշվարկված և վճարված եկամտային հարկի գումարը:
Առաջին 3 ամիսներին՝ 50 տոկոսի չափով, առավելագույնը 25 հազար դրամ, իսկ 4-6-րդ ամիսներին՝ 100 տոկոսի չափով, ամսական առավելագույնը 50 հազար դրամ:
Կա նաև միանվագ աջակցություն շահառուին․ եթե աշխատանքային հարաբերությունները 3 ամիս շարունակվեն՝ 100 հազար դրամի չափով, իսկ 12 ամիս շարունակվելու դեպքում՝ 200 հազար դրամի չափով»,- ասել է նա:
Ըստ նախարարի՝ ամբողջ գործընթացը կատարվելու է թվային հարթակով, իսկ ծրագիրը կմեկնարկի 2027 թվականի հունվարի 1-ից: