«Չկա երաշխիք, որ գազը չի թանկանա»:
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ վերջին 8 տարում գազն առնվազն երկու անգամ թանկացել է:
«Գիտե՞ք, որ նախկինում էլ է գազի գինը թանկացել, դուք տեղյակ չեք եղել: 2019 թվականին թանկացել է, հետո չեմ հիշում՝ 23-ին, թե 22-ին, ուղղակի ՀՀ կառավարությունը Հայաստանում աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված հարկերը վճարող քաղաքացիների շնորհիվ կարողացել է այնպես անել, որ դա նկատելի չլինի Հայաստանի ժողովրդի համար»,- ասել է Փաշինյանը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը հրապարակել էր Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի կառավարությունների համատեղ զեկույցը՝ «2014 թվականի մայիսի 29-ի Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի գործողությունը Հայաստանի Հանրապետության նկատմամբ կասեցնելու հնարավոր հետևանքների մասին»:
Դրանում արտացոլված է, թե ինչպես ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցումը կարող է անդրադառնալ հանրապետության տնտեսության վրա:
«Հայաստանի Հանրապետության կողմից գազի ներկրումը արժեքային արտահայտությամբ կաճի 268,5 միլիոն դոլարով կամ 69%-ով՝ 389-ից հասնելով 657,5 միլիոն դոլարի»,- ասվում էր փաստաթղթում։
Երեկ՝ հոկտեմբերի 21-ին, Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, գազի գնի բարձրացումը խիստ անցանկալի համարելով, ասել էր, որ գազի գնի փոփոխությունը կարող է Հայաստանի տնտեսության վրա 5-7 տոկոս կամ ավելի ազդեցություն ունենալ։