«Իրանի կողմից ահաբեկչական գործողություն է իրականացվել Ադրբեջանի տարածքի, Ադրբեջան պետության դեմ»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Մարտի 5-ին նրա նախագահությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ։
«Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքը ենթարկվել է Իրանի պետության կողմից անօդաչու թռչող սարքերով հարձակման։ Հրետակոծության թիրախները քաղաքացիական օբյեկտներն էին։
Նախիջևանի միջազգային օդանավակայանը, դպրոցը և այլ տարածքներ ենթարկվել են Իրանի կողմից գնդակոծության: Ադրբեջանական պետությունը խստորեն դատապարտում է այս նողկալի ահաբեկչական գործողությունը, և այն կատարողները պետք է անհապաղ պատասխանատվության ենթարկվեն։
Իրանի պաշտոնյաները պետք է բացատրություն տան ադրբեջանական կողմին, պետք է ներողություն խնդրեն, և այս ահաբեկչական գործողությունը կատարողները պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն»,-ասել է Ալիևը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Նախիջևանի տարածքում իրանական անօդաչու թռչող սարք էր ընկել:
Երկրի ԱԳՆ-ն հաստատել էր միջադեպը՝ խստիվ դատապարտելով այն ու նշելով, որ իրանական անօդաչուների հարվածներից տուժել է Նախիջևանի օդանավակայնն ու մոտակա դպրոցի շենքը․ կա 4 տուժած:
Նշվում է, որ հարձակումը եղել է «Շահեդ-136» կամիկաձե անօդաչու թռչող սարքով։ Իրանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ:
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ իրանական անօդաչուների հարձակումներն Ադրբեջանի վրա մեծացնում են լարվածությունը տարածաշրջանում։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը արձանագրել է Նախիջևանում տեղի ունեցած միջադեպին՝ շեշտելով, որ Իրանի հարձակումը Նախիջևանի վրա անպատասխան չի մնա: