News Image

Դուք կոռուպցիայի պաշտպաններ եք, որովհետև եկել եք Քոչարյանի 200 միլիոն դոլարը պաշտպանելու համար. Ռուբինյանը` ընդդիմադիր պատգամավորներին

Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի 2025 թվականի գործունեության մասին հաղորդման շրջանակում ունեցած իր ելույթում ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, դիմելով ընդդիմադիր պատգամավորներին, առաջարկեց դիմել իրենց «շեֆի տղային»՝ («Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյան - խմբ.), հարցնել, թե պետությունը պահանջում է նրանից ու հորից՝ Ռոբերտ Քոչարյանից, ընդհանուր առմամբ 200 միլիոն դոլարին համարժեք գումար ու գույք՝ որպես ապօրինի ձեռք բերված, ինչի՞ չեն վճարում:

«Գիտե՞ք ինչի չեք ասի. որովհետև այդքան չկաք, որովհետև ինքը ձեր շեֆի տղան է: Դուք ձեր շեֆի տղայի կրտսեր գործընկերների կրտսեր գործընկերն եք: Աշխարհում նման բան լսե՞լ եք, որ ապօրինի գույքի որսորդը, ինչպիսին իրեն ներկայացնում է տիկին Գրիգորյանը («Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյան - խմբ.), գա, Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարին ասի՝ ինչի է անցած տարի այսքան միլիոն հետ բերվել բյուջե, ոչ էսքան:

Կգնաք ամբողջ խմբակցությունով շեֆի մոտ, կասեք՝ 200 միլիոնը հերիք է երկարացնես, հույս չունենաս, ընտրությունները չեք կրելու, գնա, մուծի բյուջե: Սպասում ենք, 200 միլիոնը հետ բերեք բյուջե»,- հայտարարեց Ռուբինյանը՝ դիմելով ընդդիմադիրներին:

Տեղից արձագանքող Աննա Գրիգորյանին Ռուբինյանը հորդորեց իրեն չընդհատել: 

Միջամտեց նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պահանջելով լռել ու տեղից չխոսել: 

«Որևիցե վիրավորանք չի հնչում: Ի՞նչն է վիրավորանք, շեֆ ունենալը վիրավորա՞նք է: Բազմաթիվ մարդիկ շեֆեր և ղեկավարներ ունեն: Ես ձեր ազատատենչությունը հասկանում եմ, բայց խնդրում եմ, գալիս եք ամբիոնից ինչ ասես ասում եք»,- արձագանքեց Ալեն Սիմոնյանը՝ դիմելով Գրիգորյանին ու խնդրելով չխանգարել ԱԺ փոխխոսնակի ելույթը:

Ռուբինյանը, դիմելով ընդդիմադիր պատգամավորին, առաջարկեց նրան զանգել Վահե Հակոոբյանին, ասել՝ «շեֆ, դու հետախուզման մեջ ես, հետ արի ու մուծվի»:

«Շրջվեք, ձեր շուրջը նայեք, ձեր խմբակցության կեսը ապօրինի գույքով է անցնում, ասեք՝ մուծվեք, օգնեք պետությանը: Կյանքում մի անգամ մի լավ բան արած կլինեք պետության համար»,- ասաց Ռուբինյանը՝ դիմելով Գրիգորյանին:

Ինչ վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարին, ԱԺ նախագահի տեղակալը նկատեց՝ ամենամեծ խնդիրն այն է, որ ԱԺ-ում կա խմբակցություն, որը քննարկում է իրենց դեմ պայքարը: 

«Եկել ասում են՝ ինչի եք պայքարում կոռուպցիայի դեմ, այն կոռուպցիան, որի մասին դուք խոսում եք, կոռուպցիա չի, քանի որ մենք ենք արել: Դուք կոռուպցիայի պաշտպաններ եք, հասկանո՞ւմ եք, որովհետև դուք եկել եք Քոչարյանի 200 միլիոն դոլարը պաշտպանելու համար: Դուք այլ գործառույթ չունեք»,- հայտարարեց Ռուբինյանը

Share