News Image

Կարգալույծ հռչակված քահանաների գործով դատարանը որոշում է կայացրել

Գարեգին Բ-ի (Կտրիճ Ներսիսյան) հրամաններով կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանին և Արամայիս Թախմազյանին կարգալույծ հռչակելու հարցի վարույթները կարճվել են։

Դատարանի որոշմամբ՝ Ստեփան Ասատրյանին (Տ. Արամ քահանա Ասատրյան) և Արամայիս Թախմազյանին (Տ. Թադե քահանա Թախմազյան) կարգալույծ հռչակելու՝ Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությունն անվավեր ճանաչելու հայցը քաղաքացիական դատավարության կարգով քննության ենթակա չէ։

Վերացվել են Ասատրյանի՝ Հովհաննավանքի եկեղեցու և Թախմազյանին՝ Թալինի եկեղեցու հոգևոր հովվի պաշտոնավարումն ապահովելու համար ավելի վաղ կիրառված հայցի ապահովման միջոցները։

Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանը վարույթ է ընդունել Գարեգին Բ-ի (Կտրիճ Ներսիսյան) կարգալույծ հռչակած Տեր Արամ քահանա Ասատրյանի և Տեր Թադե քահանա Թախմազյանի հայցադիմումները։

Դատարանը նաև որպես հայցի ապահովման միջանկյալ միջոց պարտավորեցրել էր եկեղեցուն առանց խոչընդոտ ապահովել Ստեփան Ասատրյանի ու Արամայիս Թախմազյանի գործունեությունը հոգևոր հովվի պաշտոնում։ 

Բացի այդ՝ դատարանը Մայր Աթոռից պահանջել է կաթողիկոսի հայրապետական տնօրինության հիմքում ընկած փաստերը հաստատող ապացույցները, ինչպես նաև դրանում որպես հիմք վկայակոչված ներքին և անհատական իրավական ակտերը, հոգևորականների գործունեությունը կարգավորող պայմանագրերը:

Share