News Image

Բարեփոխումների արդյունքում մեր օրենսդրությունը մոտարկվում է եվրոպական օրենսդրությանը. Պապոյան

Խորհրդարանը քննարկում է Կառավարության ներկայացրած՝ «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: 

Հիմնական զեկուցող, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի խոսքով՝ շարունակում են իրականացնել բարեփոխումները և հերթական հաստափոր փաթեթն են բերել, որով մեր օրենսդրությունը մոտարկվում է եվրոպականին:

«Այս փոփոխությամբ ՍԵՊԱ-ի ևս 4 հրահանգ ենք իրականացնում, և սպառողների հետ կնքվող պայմանագրերում անարդար պայմանների վերաբերյալ հեռակա և ձեռնարկության շենքից դուրս կնքվող պայմանագրերի մասով սպառողների իրավունքների պաշտպանության մասին, մոլորության մեջ գցող և համեմատություն պարունակող գովազդի մասին, ինչպես նաև ապրանքների անհամապատասխանության դեպքում սպառողի իրավական պաշտպանության մասին այս 4 հրահանգները այս փաթեթով մոտարկվում են, և նախորդիվ մենք արդեն իսկ ամբողջովին դիտարկել ենք տնտեսական մրցակցության պաշտպանության մեր օրենսդրությունը: Այս փաթեթով սպառողների իրավունքների պաշտպանության օրենսդրությունը ամբողջովին մոտարկված կլինի, և արդեն անցնում ենք գովազդի և մյուս օրենքների մոտարկմանը»,- ասաց նախարարը:

Նա նշեց՝ գործընթացը լինելու է շարունակական, մասնավորապես, սպառողների հետ կնքվող պայմանագրերում անարդար պայմանների վերաբերյալ հրահանգի մոտարկման դեպքում սպառողների հետ կնքվող պայմանագրերում չեն կարող ներառվել անարդար դրույթի պայմաններ: 

Խոսքը, ըստ նրա, այնպիսի պայմանների մասին է, երբ սպառողը, ելնելով իր շահերից, չէր ընդունի այդ պայմանը, եթե հնարավորություն ունենար մասնակցելու պայմանագրի պայմանների որոշմանը: 

Ըստ Պապոյանի՝ նախագծով սահմանվում են անարդար բնույթի պայմանների տեսակները՝ նախատեսելով, որ պայմանագրում որևէ անարդար պայմանի առկայության դեպքում նման պայմանն արդեն առ ոչինչ է, պայմանագիրն էլ՝ հետը:

Մոլորության մեջ գցող և համեմատություններ պարունակող գովազդի մասին հրահանգի մոտարկման արդյունքում սահմանվում են մոլորության մեջ գովազդներ և համեմատություններ պարունակող գովազդի հասկացությունները, դրա՝ մոլորեցնող լինելու հանգամանքները, համեմատություններ պարունակող գովազդի թույլատրելի և անթույլատրելի դեպքերը:

 «Այս աշխատանքը պարզապես Եվրոպական միության օրենսդրության թարգմանություն չէ դեպի մեր իրականություն: Դա նախևառաջ այդ օրենսդրության հասկանալն է, մեր օրենսդրության մեջ բացերը գտնելն է և այն մասերը, որոնք մեր օրենսդրությունում չկան, բերելն ու ավելացնելն է, այնտեղ, որտեղ կան տարբերություններ, համապատասխանեցնելն է ԵՄ օրենսդրությանը»,- նշեց նախարարը:

Պապոյանը նկատեց՝ բարեփոխումների արդյունքում մեր օրենսդրությունը մոտարկվում է եվրոպական օրենսդրությանը:

Share