«Իհարկե, Մերձավանի դեպքը վկայում է այն մասին, որ կան մի շարք դպրոցներ, որտեղ բացի կրթական պրոցեսներից նաև այլ գործընթացով պետք է զբաղվել: Ինտենսիվ աշխատանքներ են տարվում հատկապես հանրապետական, տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնների կողմից, այսինքն՝ ամեն մարդ իր ուղղությամբ պետք է աշխատի, որպեսզի դպրոցներում բարոյահոգեբանական մթնոլորտը չխաթարվի, և սովորողները պատշաճ կրթություն ստանան»,-անդրադառնալով Մերձավանի դպրոցում տեղի ունեցած միջադեպին, երբ աշակերտներն ու նրանց ծնողները բողոքի ակցիա էին իրականացրել պատմության ուսուցչուհու դեմ՝ ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանրակրթական և արտադպրոցական հաստատությունների համակարգման բաժնի պետ Ստալ Սարդարյանը:
Սարդարյանի խոսքով՝ մանկավարժահոգեբանական կենտրոնը ոչ միայն սովորողների հետ է աշխատանք տանում, այլև՝ մանկավարժների: Ըստ նրա՝ պետք է բազմակողմանի աշխատանքներ տարվեն, որպեսզի որևէ դպրոցում նման դեպք չկրկնվի:
Մեր այն հարցին, թե ներկայումս որքանով է ուսուցիչների շահը պաշտպանվում՝ Սարդարյանն ասաց. «Չեմ կարծում, որ ուսուցիչները պաշտպանված չեն, իհարկե, սա տհաճ դեպք էր, բայց բոլոր ուսուցիչներն էլ հեղինակություն են, բոլոր ուսուցիչների նկատմամբ էլ և՛ աշխատանքային օրենսգրքով սահմանված, և՛ բարոյահոգեբանական տեսանկյունից բոլոր իրավունքները պաշտպանված են»:
Ստալ Սարդարյանի կարծիքով՝ դժվար է առանձնացնել, թե կոնկրետ որ խողովակում է թերացում տեղի ունեցել. «Բոլորս գիտենք, որ և՛ ծնողներից է շատ բան կախված, և՛ մանկավարժներից: Ուզում եմ նշել, որ բոլոր դպրոցներում մենք ունենք հոգեբաններ, որոնք ամենօրյա աշխատանք են տանում և՛ սովորողի շրջանում, և՛ մանկավարժների, բայց եթե դեպքերն այնպիսինն են, որ դպրոցի հոգեբանը հնարավորություն չի ունենում լայնածավալ աշխատանք իրականացնել, պետք է օժանդակել, ապա մենք ՏՄԱԿ-ների կողմից համալրում ենք և աջակցություն են ցուցաբերում: Նմանատիպ խնդիրներ միշտ կան, չենք կարող ասել, որ դրանք երբեք չեն եղել, ուղղակի պետք է ճիշտ ժամանակին դրանց անդրադառնալ»:
Սարդարյանն ընդգծեց, որ եթե ցանկացած դեպք ներքին կարգապահական կանոններով ճիշտ սահմանվի, նման դեպքեր չեն լինի, տպավորություն էլ չի առաջանա, որ ուսուցիչը կաշկանդված է. «Ուսուցչի գործը միայն առարկային տիրապետելը չէ, ուսուցիչը նաև մանկավարժ է, հետևաբար այդ մանկավարժական գիտելիքներն էլ պետք է կիրառվեն դպրոցում, եթե երեխաներն ինչ-որ առումով որևէ տեղ որոշակի ակտիվություն են ցուցաբերում, ապա մանկավարժական հմտությունն է այդտեղ առաջ գալիս և փորձառությունն է, որ նման հարցերը կարգավորում է: Պետք է խնդրին նայել բոլոր ուղղություններով: Այն բառապաշարը, այն խոսույթը, որ մենք տեսանք՝ ողջունելի չէ ո՛չ սովորողի, ո՛չ ուսուցիչների, ո՛չ ծնողների կողմից»:
Մեր զրուցակիցը նաև անդրադարձավ տարածված տեսանյութին. «Չեմ կարծում, որ սա բացասական առումով լայն տարածում կգտնի, որովհետև շատ պարկեշտ, օրինակելի սովորողներ ունենք, ուղղակի հիմա վատ դեպքն է նկարահանվել, տարածվել, բայց ամեն օր բազմաթիվ լավ դեպքեր էլ են տեղի ունենում: Ռիսկեր իհարկե, կան, բայց դրանց մասին արդեն խոսեցինք, և նշեցինք այն մարմինները, որոնք ամենօրյա աշխատանք պետք է իրականացնեն, որպեսզի թույլ չտան՝ որևէ կերպ այս տհաճ դեպքը տարածում ունենա»:
Սարդարյանի խոսքով՝ Մերձավանի դպրոցի տնօրենն այլևս չի կատարում իր պարտականությունը, այս պահին դպրոցում տնօրենի թափուր տեղի մրցույթի գործընթացը շարունակվում է, իսկ առաջիկայում կլինի այլ պաշտոնակատար:
Մեր այն հարցին, թե արդյոք կատարված քայլերը բավարար են՝ մեր զրուցակիցը նշեց. «Ոչ բավարար չեն, դրանք այն միջոցներն են, որոնք ձեռնարկվել են, բայց աշխատանքները դեռևս շարունակվում են, ուղղակի դա մեկ կամ երկու օրվա գործ չէ, դա պարբերական բնույթ պետք է կրի և արդյունքը կարծում եմ մոտ ապագայում պարզ կլինի»:
ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի Հայ հին և միջնադարյան գրականության ամբիոնի վարիչ Աելիտա Դոլուխանյանն էլ նշեց. «Սա և՛ ընտանիքի, և՛ դպրոցի պատկերն է: Ինչպես կարող է կիրթ ընտանիքից դուրս եկած երեխան գռեհիկ բառապաշար ունենալ, եթե իր ծնողն իրեն ճիշտ է դաստիարակել: Երեխան դպրոց գնում է ծնողից ստացած դաստիրակությամբ, որը շարունակվում է դպրոցում: Ամեն մարդ պետք է հասկանա, որ ուսուցիչը սրբազան աշխատանք է, հենց ուսուցիչն ինքը պետք է դա հասկանա»:
Վիրավորական արտահայտություններ հնչեցնելը՝ ըստ Աելիտա Դոլուխանյանի, խոսում է ցածր մակարդակի մասին. «Դա նշանակում է՝ մեր հասարակությունը շատ անկիրթ է դարձել՝ և՛ ընտանիքներում, և՛ դպրոցներում: Նման դեպքերը նրանից են, որ մեր հասարակությունը թուլացել է, չեմ պատկերացնում՝ ինչպես կարող է երեխան ուսուցչին վիրավորել, կամ հակառակը: Ուսուցիչը պետք է իրեն այնպես պահի, որ որևէ մեկը չհանդգնի նրան վիրավորել: Եթե ուսուցիչը թերացել էր, ծնողները թող գնային տնօրենի մոտ և կիրթ ձևով պահանջեին, որ ուսուցչին հեռացնեն՝ բերելով փաստացի պատճառաբանություններ, ամեն ինչ օրենքով պետք է լիներ»:
Խոսելով նաև ներկայումս ուսուցչի դերի մասին՝ մեր զրուցակիցն ընդգծեց. «Անպայմանորեն կա այդ ընկալումը, որ ուսուցիչը հեղինակություն է, դա իհարկե, կախված է ուսուցչի գիտելիքից, վարքագծից: Եթե ուսուցիչն ունի բարձր գիտելիքներ, ունի նվիրում՝ անհնար է աշակերտը նրան չհարգի, նույնիսկ անկարգ աշակերտը, այնպես որ ուսուցչից շատ բան է կախված»:
Կատարված դեպքը խիստ դատապարտելի համարեց նաև Գեղհովիտի N1 միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Հեղինե Ղիմոյանը. «Առաջին մեղավորն իմ կարծիքով՝ դպրոցի տնօրինությունն է: Եթե տնօրինությունը թույլ չտար, ծնողներն ինչ իրավունք ունեին մտնել դպրոց և նման պահվածքով հարձակվել ուսուցչի վրա: Դատապարտելի է նաև աշակերտների պահվածքը, աշակերտը պետք է ունենա տարրական էթիկա, ուսուցչի նկատմամբ հարգանք, ինչ է նշանակում նման բառամթերքով ու տոնով խոսել ուսուցչի հետ: Ծնողներից շատերն էլ ցավոք ունեն դաստիրակության կարիք: Դպրոցը համարում եմ մի ընտանիք, պետք է թերացումները շտկվեն դպրոցի ներսում, ոչ թե հանրապետութունով մեկ քննարկեն դեպքը»:
Ղիմոյանը նշեց, որ ներկայումս ուսուցչի շահերն այդքան էլ պաշտպանված չեն. «Եթե նկատողություն եմ անում աշակերտին, երբեմն աշակերտ կա, որ ինձ հավասար հակադարձում է, ես չեմ ասում՝ երեխան գլուխը կախած լսի, եթե ես սխալ եմ, այո, երեխան կարող է իր շահերը պաշտպանել և ապացուցել, որ ինքը ճիշտ է: Պետք է ուսուցիչն էլ աշակերտին չվիրավորի և ներողամիտ լինի, չէ որ մենք գործ ունենք երեխաների հետ: Սակայն կոնկրետ այս դեպքում երեխաներն ուղղորդված էին, երեխան չպետք է խառնվի նման հարցերի, դա տգեղ երևույթ էր»:
Հեղինե Ղիմոյանի խոսքով՝ չի կարելի վիրավորել՝ ո՛չ ուսուցչին, ո՛չ աշակերտին. «Դպրոցը կոչված է ոչ միայն կրթելու, այլ նաև դաստիարակելու համար: Իհարկե, այստեղ ուսուցիչը մեծ անելիք ունի: Չի կարելի ասել, որ ուսուցչի հեղինակությունն ընկած է, ուսուցչի հեղինակությունը պահպանվում է՝ չհաշված նման դեպքերը»:
Ղիմոյանը չբացառեց, որ նմանատիպ դեպքերը կարող են վատ առումով օրինակ լինել նաև այլ աշակերտների համար, ուստի կարևորեց բոլոր օղակների համատեղ ու կանոնակարգված աշխատանքը:
Խոսնակ Լրատվական