News Image

Գևորգ Պապոյանը Դուբայում նախարարական կլոր սեղան-քննարկմանը ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրի հնարավորությունները

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 8-ին Դուբայում անցկացվող 15-րդ Ամենամյա ներդրումային համաժողովի («Annual Investment Meeting») շրջանակում մասնակցել է ներդրումներին նվիրված նախարարական կլոր սեղան-քննարկմանը։ Այդ մասին ասված է նախարարի Ֆեյսբուքի էջում:

«Քննարկման ընթացքում անդրադարձա Հայաստանի արդյունաբերական քաղաքականության առաջնահերթություններին՝ ընդգծելով, որ առաջիկա տասնամյակում շեշտը դրվելու է ժամանակակից և բարձր արտադրողականությամբ արդյունաբերության զարգացման, տեխնոլոգիական արդիականացման, թվայնացման և ավտոմատացման վրա։

Ներկայացրի Հայաստանի ներդրումային միջավայրի հիմնական հնարավորությունները՝ ընդգծելով օտարերկրյա ուղղակի ներդրումների կարևորությունը նոր արտադրական կարողությունների ձևավորման, տեխնոլոգիաների և գիտելիքի փոխանցման, մարդկային կապիտալի զարգացման, ինչպես նաև հայկական ընկերությունների՝ գլոբալ արժեքային շղթաներին ինտեգրման տեսանկյունից։

«Հայաստանը պատրաստ է ներդրումների համար գրավիչ ուղղությունից վերածվել ներդրումային հարթակի՝ համատեղելով կապիտալը, տեխնոլոգիաներն ու մարդկային ներուժը և ստեղծելով արտադրանք տարածաշրջանային ու համաշխարհային շուկաների համար»,– նշեցի իմ խոսքում։

Հայաստանի արհեստական բանականության ոլորտում իրականացվող խոշոր նախագծերի շարքում մատնանշեցի Firebird-ի և NVIDIA-ի համագործակցությամբ Հայաստանում իրականացվող «Firebird AI Factory» խոշոր տեխնոլոգիական նախագիծը»,- նշված է գրառման մեջ։

Share