News Image

Իմ հանձնարարությամբ զեկույց է պատրաստվում ՀԱԵ-ում առաջացած խոր, համակարգային ճգնաժամի մասին. Փաշինյան

Ուղիղ հրահանգի ենթարկվող մի շարք հոգևորականներ (իմ տեսածն եմ ասում) Սուրբ և անմահ պատարագի ժամանակ խորաններից կոչ են հղում առ Աստված, որ նա պահպանի Արցախի Հանրապետությունը՝ այսպիսով Եկեղեցին դարձնելով պատերազմի քարոզչության ինստիտուտ: Սա ընդհանրապես շատ հետաքրքիր ֆենոմեն է: Այս մասին իններորդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանի շրջանակում Կառավարության 2026-2031 թվականների ծրագիրը ներկայացնելիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը.

«Այս կոչերը հնչեցնում են, հետո ասում են՝ «Եւ եւս խաղաղութեան զՏէր աղաչեսցուք», այսինքն՝ պատերազմի կոչ անելով՝ Աստծուն պետք է չէ աղաչել խաղաղության համար, պետք է խաղաղությանը տեր կանգնել, ջանք գործադրել խաղաղությունը պահպանելու համար:

Սա մեկն է այն պատճառներից, թե ինչու պետք է ՀԱԵ փաստացի պետը հանգստի կոչվի, բայց միակ պատճառը չէ: Իմ հանձնարարությամբ զեկույց է պատրաստվում ՀԱԵ-ում առաջացած խոր, համակարգային ճգնաժամի մասին, որտեղ շարադրվում են տասնյակ փաստեր, որ Կտրիճ Ներսիսյանը…»,- ասաց Նիկոլ Փաշինյանը, և ելույթն ընդհատվեց, քանի որ Գարեգին Բ-ին ավազանի անունով դիմելուց հետո ԱԺ դահլիճում ընդդիմադիրները սկսեցին հարվածել սեղաններին՝ ի նշան բողոքի, իսկ իշխող խմբակցության պատգամավորները ծափահարեցին՝ ի պատասխան այդ բողոքի:

ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն արձագանքեց. «Ինչ հետաքրքիր է, թե ինչքան վատ պետք է անես քո գործը, որ զբաղեցնես մի գահ, որ կոչվում է «Ամենայն Հայոց…», բայց երբ քո անունը հնչի, պառակտում մտնի ամեն տեղ: Ավելի լավ գնահատական քո վատ աշխատանքին հնարավոր չէ տալ»:

Նիկոլ Փաշինյանը շարունակեց ընդհատված ելույթը, կրկին Գարեգին Բ-ին դիմեց ավազանի անունով, որից հետո կրկին ընդդիմադիրները հարվածեցին սեղանին, իսկ իշխող խմբակցության պատգամավորները ծափահարեցին, վարչապետն ամփոփեց խոսքը. «…Որ Կտրիճ Ներսիսյանը ՀԱԵ-ն դուրս է դրել կանոնական ծիրից՝ սրանից բխող բոլոր հետևանքներով: Եվ եթե նկատել եք՝ ՀԱԵ բարենորոգման օրակարգը նույնպես տեղ ունի Կառավարության ծրագրում»:

Share