Ռուսաստանը նախատեսում է մինչև 2026 թվականի հունվարի վերջը ցորենով լի ևս 132 երկաթուղային վագոն ուղարկել Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով անցնող նոր երկաթուղային երթուղով։
Այս մասին ասվում է Ռուսաստանի տրանսպորտի նախարարության հայտարարության մեջ։
«Հացահատիկի առաջին խմբաքանակը երկաթուղով ուղարկվել է Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով։ «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը կազմակերպել է ավելի քան 1000 տոննա ցորենի տեղափոխումը Ուլյանովսկի մարզի Դիմիտրովգրադ կայարանից դեպի Հայաստան։ Մինչև 2026 թվականի հունվարի վերջը այս երթուղով նախատեսվում է ուղարկել ևս 132 երկաթուղային վագոն ցորեն։ Քննարկվում են նաև այլ բեռների կատեգորիաների տեղափոխումները», - ասվում է հայտարարության մեջ։
Նշենք, որ չորեքշաբթի երեկոյան Հայաստան է ժամանել հացահատիկով բեռնված գնացքը, որն անցել է Ռուսաստան, Ադրբեջան, Վրաստան, Հայաստան երկաթուղային ուղով: