«300 դպրոց, 500 մանկապարտեզի» ծրագրում ընդհանուր առմամբ բյուջե ունենք 385 միլիարդ դրամի չափով, որից արդեն այս տարվա հոկտեմբերի դրությամբ իրացված է շուրջ 153 միլիարդ դրամը:
Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2026 թ. պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ, հայտնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Նախարարը տեղեկացրել է, որ այս պահին աշխատանքներն ավարտված են 60 դպրոցում, որոնցից 35-ը՝ նոր կառուցված, 25-ը՝ նորոգված:
«Մինչև տարեվերջ շահագործման կհանձնվի ևս 50 դպրոց, որոնցից 8-ը՝ կառուցվող, 42-ը՝ նորոգվող»,- տեղեկացրել է ԿԳՄՍ նախարարը:
Կանխելով «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի իրատեսականության վերաբերյալ բոլոր հարցերը՝ նա հայտնել է, որ մինչև 2026 թվականի սեպտեմբերի 1-ը ևս 151 դպրոց կհանձնվի շահագործման, 49-ը՝ նոր կառուցվող և 102-ը՝ նորոգվող, մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը՝ ևս 47 նորակառույց դպրոց:
2026 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ պատրաստ կլինեն 308 դպրոցներ, որոնցից 139-ը՝ կառուցված, 169-ը՝ կապիտալ նորոգված:
«2027-ին կավարտենք ևս 49 դպրոցի շինարարությունը և 357 դպրոցում այսպիսով կավարտենք աշխատանքները,- ասել է ԿԳՄՍ նախարար:
Նրա խոսքով՝ սա չի լինի ամբողջական լուծում դպրոցաշինության ոլորտում առկա խնդիրների, քանի որ շատ է խոսվում այն մասին, որ դա առաջին 300 դպրոցների ծրագիրն է, և արդեն իսկ պատրաստում են դպրոցաշինության հաջորդ ծրագրի ցանկերը:
«Ցավոք, տարիների ընթացքում մաշված ենթակառուցվածքները, ոչ բավարար ներդրումները, ինչպես նաև շենքերի պահպանման համար ոչ բավարար հատկացումները բերել են նրան, որ մենք ունենք շատ ավելի մեծ ծավալի խնդիր, և հաջորդ 300 դպրոցների ծրագիրը նույնպես պետք է թիրախային ազդեցություն թողնի: Ընդհանուր առմամբ այս ծրագրով մենք շահառուներ ենք ունենալու հանրակրթության համակարգի սովորողների շուրջ մեկ երրորդի չափով, ավելի քան 107 հազար երեխա ծրագրի արդյունքում կսովորեն այս արդիական, ժամանակակից, հագեցված պայմաններում. նրանց մեծ մասն արդեն իսկ օգտվում է այս հնարավորություններից: Առաջիկայում այս երեխաների թիվը, բնականաբար, կավելանա»,- նշել է ԿԳՄՍ նախարարը:
Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ խոսքը միայն դպրոցի շինարարության մասին չէ, խոսքն այն մասին է, թե ինչպես են համակարգում լուծվում խնդիրները: