News Image

Տպավորություն է, որ որոշ մարդիկ Փարաքարի հանցագործության բացահայտումից նեղսրտել են. ՔԿ նախագահ

Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի վստահեցմամբ՝ Փարաքարի սպանությունների դեպքերը բացահայտելու ուղղությամբ քննչական կոմիտեն կաշկանդվածություն չունի:

«Այլ հանցակիցներ լինելու մասով կատարում ենք քննություններ, որևիցե կաշկանդվածություն չունենք, ինչո՞ւ կամ ումի՞ց պետք է ունենանք այդ կաշկանդվածությունը»,- ԱԺ-ում նշել է նա ու հավելել, թե ՔԿ նախագահն այնպիսի տպավորություն ունի, որ որոշ մարդիկ այդ հանցագործության բացահայտումից նեղսրտել են։

Պողոսյանը հայտարարել է, թե այս գործը գտնվում է իր հսկողության տակ ու հանրությունը կստանա բոլոր հարցերի պատասխանները։

«Դժգոհ են մնացել, որ հանցագործությունը բացահայտվել է, քանի որ, եթե չբացահայտվեր, հնարավորություն էր տալու այլ հարցեր շահարկելու, հիմա վա՞տ է, որ բացահայտվել է: Եթե եղել է պատվիրատու՝ վստահ եղեք, որ բացահայտվելու է, մենք կներկայացնենք, թե ինչ գործողություններ ենք կատարել, դուք հաճելիորեն կզարմանաք»,- նշել է ՔԿ նախագահը:

Հիշեցնենք, որ Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը և նրա ընկերը, որը ոստիկան էր, սպանվել էին: Մեկ անձ էլ վիրավորում էր ստացել: 

Դեպքը տեղի էր ունեցել սեպտեմբերի 23-ի կեսգիշերին:

Ավելի ուշ իրավապահները հայտնել էին, որ վերջիններիս սպանել և վիրավորել է 20-ամյա  Գևորգ Հարությունանը, որը կալանավորվել է:

Ըստ իրավապահների՝ նրան այս գործում օժանդակել է Նարեկ Օհանյանը , որը ևս կալանավորվել է: 

Նարեկ Օհանյանը փետրվարին Մերձանավում սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրն է: Մեղադրյալ Գևորգ Հարությունյանն իր ցուցմունքներում պնդել է, որ վրեժխնդրությունից դրդված է գնացել այս քայլին: 

Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքով Քննչական կոմիտեն մանրամասներ և լուսանկարներ էր հրապարակել:

Share