News Image

Երևանում անցկացվել է վիրուսային հեպատիտների էլիմինացիային նվիրված միջազգային գիտաժողով

Հեպատիտների դեմ պայքարի համաշխարհային օրվա շրջանակում հուլիսի 26-ին Երևանի «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում անցկացվեց «Հեպատիտների միջազգային օր․ վիրուսային հեպատիտների էլիմինացիան բոլորի համար, ամենուր և հենց հիմա» խորագրով միջազգային գիտաժողով։ Այդ մասին հայտնում են  Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնից:

Գիտաժողովը համատեղ կազմակերպել էին Կլինիկական վարակաբանների միությունը և Հայկական լյարդաբանական ասոցիացիան։

Գիտաժողովի հատուկ հյուրն էր Հայաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ դոկտոր Սիդհարթա Դատտան։

 

Միջոցառումը մեկ հարթակում համախմբեց բժշկական տարբեր մասնագիտությունների ներկայացուցիչների՝ քննարկելու վիրուսային հեպատիտների կանխարգելման, վաղ հայտնաբերման, ախտորոշման, բուժման և էլիմինացիայի ժամանակակից մոտեցումները։

Մասնագիտական զեկույցներով հանդես եկան Հայաստանի և արտերկրի գիտական ու բժշկական ոլորտների առաջատար մասնագետներ։ Գիտաժողովի ընթացքում ներկայացվեցին ինչպես Հայաստանում վիրուսային հեպատիտների կանխարգելման, ախտորոշման և բուժման ուղղությամբ իրականացվող ծրագրերն ու նախաձեռնությունները, այնպես էլ միջազգային արդի գիտական և կլինիկական մոտեցումները։

Առանձին անդրադարձ կատարվեց հեպատիտ Ց-ի ազգային ծրագրին, որը համկարգվում է ՀՀ առողջապահության նախարարության Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում և շահառուների համար կենտրոնում ներառում է անվճար հետազոտություններ ու բուժում։

Զեկույցների շրջանակում ներկայացվեցին նաև հեպատիտ Ց վիրուսային վարակի նույնօրյա թեստավորման և բուժման մեկնարկի մոդելները՝ Հայաստանում ներդրված CUTTS HepC Model of Care (MOC) փորձի օրինակով, մետաբոլիկ դիսֆունկցիայի հետ ասոցացված լյարդի ճարպային հիվանդության և վիրուսային հեպատիտների փոխազդեցությունը, հեպատիտ Ե վիրուսային վարակը, փայծաղի պնդության գնահատման դերը լյարդաբանության մեջ, Հայաստանում լյարդի փոխպատվաստման զարգացման հեռանկարները, ինչպես նաև ոլորտի մի շարք այլ արդիական թեմաներ։

Գիտաժողովի ընթացքում տեղի ունեցավ կլինիկական և գիտական փորձի փոխանակում, քննարկվեցին ոլորտի արդիական խնդիրները, դրանց լուծման հնարավորությունները և վիրուսային հեպատիտների էլիմինացիային ուղղված հետագա քայլերը։

Միջոցառմանը մասնակցում էին վարակաբաններ, գաստրոէնտերոլոգներ, լյարդաբաններ, թերապևտներ, ընտանեկան բժիշկներ, մանկաբույժներ, կլինիկական լաբորատոր ախտորոշման բժիշկներ և մասնագետներ, համաճարակաբաններ, ուսանողներ, ինչպես նաև հանրային առողջապահության ոլորտի ներկայացուցիչներ։

Վիրուսային հեպատիտների էլիմինացիան համաշխարհային առողջապահության առաջնահերթ ուղղություններից է։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նպատակ ունի մինչև 2030 թվականը վիրուսային հեպատիտները վերացնել որպես հանրային առողջության սպառնալիք։

Գիտաժողովը կարևոր հարթակ դարձավ մասնագիտական կառույցների և միջազգային գործընկերների համագործակցության ամրապնդման, ինչպես նաև վիրուսային հեպատիտների էլիմինացիայի ազգային և միջազգային նպատակների իրականացմանն ուղղված համատեղ քայլերի քննարկման համար։

Share