News Image

Ինձ համար մեծ պատիվ էր մասնակցել այս միջազգային համաժողովին․ Աննա Հակոբյանը Եթովպիայում քննարկումների է մասնակցել

Հուլիսի 21-ին ՀՀ վարչապետի տիկին և «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը Եթովպիայում անցկացվող «Խաղաղություն և կայուն զարգացում. փիլիսոփայական ուսումնասիրություն» խորագրով միջազգային համաժողովի երկրորդ օրը մասնակցում էր  «ինքնության, ապագաղութացման և կայուն զարգացման» թեմաներով քննարկումներին: Այս մասին հայտնում է հիմնադրամը։

Համաժողովը կազմակերպվել էր «Արժեքների և փիլիսոփայության հետազոտությունների խորհուրդի» կողմից և անցկացվում է Ադիս Աբեբայի համալսարանի սոցիալական գիտությունների, արվեստի և հումանիտար գիտությունների քոլեջում:

Համաժողովի երկրորդ օրը ելույթներով հանդես եկան Հարավային Աֆրիկայի համալսարանի, Ադիս Աբեբայի համալսարանի պրոֆեսորները, ինչպես նաև  Արժեքների և փիլիսոփայության հետազոտությունների խորհուրդի փոխնախագահը, ՄակԼինի մշակույթի և արժեքների ուսումնասիրման կենտրոնի գործադիր տնօրենը և ուրիշներ: 

Նրանք անդրադարձան Եթովպիայի ինքնության ձևավորման, կրթության, ապագաղութացման, սոցիալական արդարության և կայուն խաղաղության հաստատման հիմնախնդիրներին։ Քննարկումների շրջանակում ներկայացվեց նաև կոնֆուցիոսականության տեսանկյունից կայուն զարգացման հարցը։

Համաժողովն ամփոփվեց եզրափակիչ նիստով, որի ընթացքում ելույթ ունեցան Արժեքների և փիլիսոփայության հետազոտությունների խորհուրդի փոխնախագահը Ժուաո Վիլա-Շան և Ադիս Աբեբայի համալսարանի պրոֆեսոր Ուորքինե Քելբեսան՝ ամփոփելով համաժողովի հիմնական արդյունքները և ևս մեկ անգամ ընդգծելով միջազգային ակադեմիական համագործակցության կարևորությունը։

Համաժողովի շրջանակում Աննա Հակոբյանը նաև հնարավորություն ունեցավ ծանոթանալու Եթովպիայի մշակույթին, ավանդույթներին, ազգային խոհանոցին և տեղական կոլորիտին, ինչպես նաև անմիջական շփում ունենալու հյուրընկալող կողմի ներկայացուցիչների հետ։

«Ինձ համար մեծ պատիվ էր մասնակցել այս միջազգային համաժողովին։ Երկու հագեցած և արդյունավետ օրերի ընթացքում հնարավորություն ունեցա ձեռք բերելու նոր գիտելիքներ, բացահայտելու նոր մոտեցումներ, ոգեշնչվելու ձեզնից և վերադառնալու բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով,» - նշել է տիկին Հակոբյանը:

Share