News Image

Սպանությունների թվով Հայաստանը շարունակում է համաշխարհային միջինից ցածր ցուցանիշներ գրանցել. ՆԳ նախարար

Հանրապետության մակարդակով շարունակում են գերակշիռ մնալ կենցաղային բնույթ ունեցող սպանությունները, և այս դինամիկան պահպանվում է, որևէ էական, կտրուկ և վտանգավոր վերափոխումներ չի ունենում: Նաև վիճակագրական առումով որևէ էական, մեծ թվով շարժ կամ կտրուկ աճի տեմպեր չունենք: Սպանությունները մեր հանցավորության ընդհանուր կառուցվածքում կազմում են ընդամենը 0,2 տոկոսը: Այդ մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստին ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ հատուկ ընդգծելով, որ այս թեման վերջին ժամանակահատվածում շատ է քննարկվում:

Խոսելով առհասարակ սպանության դեպքերի մասով համաշխարհային ցուցանիշների մասին, որպեսզի պատկերացնենք՝ ՀՀ-ն ինչ դիրքում է, նախարարն անդրադարձավ ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի՝ սպանությունների վերաբերյալ համաշխարհային զեկույցներին:

«Ինդեքսը հիմնականում կազմվում է 100 հազար բնակչի հաշվով տեղի ունեցած սպանությունների հաշվարկով, և պիտի փաստեմ, որ 2021-ին ընդհանուր առմամբ միջին համաշխարհային ցուցանիշը 100 հազար բնակչի հաշվով 5,8 դեպք է»,- ասաց նախարարը՝ նշելով, որ գնահատականները թարմացվում են 4-5 տարվա կտրվածքով:

«Հայաստանը շարունակում է համաշխարհային միջինից ցածր ցուցանիշներ գրանցել, այսինքն՝ երբ ասում ենք՝ միջինից ցածր ցուցանիշներ, սա դրական արդյունք է, որովհետև, եթե համաշխարհային մակարդակում 100 հազար բնակչի հաշվով միջինում 5,8 սպանության դեպք է արձանագրվում, 2021 թվականին Հայաստանում այս ցուցանիշը եղել է 2, 2022-ին՝ 1,9, 2023-ին՝ 1,8, 2024-ին՝ 2: Ակնհայտորեն կրկնակիից ավելի նվազում ունենք ընդհանուր առմամբ միջին համաշխարհային ցուցանիշից:

Իհարկե, սա չի նշանակում, որ մենք չենք շարունակում հետևողականորեն այս ուղղությամբ աշխատանքներ ձեռնարկել, որովհետև երբ խոսում ենք սպանության դեպքերի մասին, պիտի նկատենք, որ առավելապես հիմնական պատճառները կրթական, առողջապահական հարցերն են, սոցիալական տարբեր հիմնախնդիրները, և այս տարվա կտրվածքով, թիրախավորելով բոլոր հիմքերը, նախարարության կողմից մշակման փուլում է հանցավորության կանխարգելման նոր ռազմավարությունը, որը բազմաբաղադրիչ է և անդրադառնալու է այս խումբ հարցերին»,- ասաց նա:

Share