News Image

Թուրք-սիրիական ճգնաժամը խորանում է. 5-ամյա երեխայի բռնաբարությունն անկառավարելի ցույցեր ու անկարգություններ է բռնկել

Թուրքիայում սիրիացի միգրանտի կողմից 5-ամյա աղջնակի բռնաբարությունը համատարած անկարգություններ է առաջացրել։

Սիրիացիների և թուրքերի միջև լարվածությունն աճում է Թուրքիայում գրանցված նշված դեպքից հետո։

արդեն մի քանի օր է՝ թուրքական Կայսերիում ցույցերը վերափոխվել են ջարդերի ու անկարգությունների։ Իրավապահ մարմինները հայտնում են, որ ձերբակալել են անկարգություններին մասնակցած 70 մարդու։

Անհանգիստ է նաև բուն Սիրիայում. այնտեղ հարձակման է ենթարկվել բանակի համարանիշներով թուրքական ավտոմեքենա։ Նաև Բաբ էս-Սալամ մաքսակետում սիրիացիները հանել և պատռել են Թուրքիայի դրոշը։

Թուրքիայի նախագահն իր հերթին դատապարտել է իր քաղաքացիների գործողությունները և խիշստ զգուշացրել այլատյացության դեմ՝ պայքարի մասին միաժամանակ ընդդիմությանը մեղադրելով անկարգություններ հրահրելու մեջ։

Սիրիայի ժամանակավոր կառավարությունը կտրականապես մերժել է թուրքական դրոշի դեմ ուղղված գործողությունները և կոչ արել անհապաղ դադարեցնել ազատագրված տարածքներում թուրքական ներկայության դեմ ուղղված բոլոր գործողությունները։

Առնվազն չորս մարդ է զոհվել և 20-ը վիրավորվել Սիրիայի հյուսիս-արևմուտքում թուրքական բանակի կողմից վերահսկվող հակաթուրքական ցույցերի հետևանքով։ Այս մասին հուլիսի 1-ի երեկոյան հայտնել է Մարդու իրավունքների մոնիտորինգի սիրիական կենտրոնը։

Կազմակերպության տվյալներով՝ ցույցերին մասնակցել են հարյուրավոր մարդիկ, նրանցից ոմանք զինված են։ Ցուցարարները պոկել են թուրքական դրոշները։ Աֆրին և Ջարաբուլուս քաղաքներում ցուցարարների և թուրք զինվորների միջև բախումներ են տեղի ունեցել, որոնք հանգեցրել են զոհերի։

Սիրիական Աազազ քաղաքում ցուցարարներից մեկը AFP-ի թղթակցին ասել է, որ ինքը համերաշխություն է ցուցաբերում «Թուրքիայում գտնվող իր սիրիացի եղբայրների հետ», ովքեր «փախչում են Բաշար ալ-Ասադից միայն Թուրքիայում ճնշումներին դիմակայելու համար»:

Ընդդիմության կողմից ստեղծված Սիրիայի ժամանակավոր կառավարությունը գրավոր հայտարարության մեջ ընդգծել է, որ սիրիացիների համար չափազանց կարևոր է խաղաղ ճանապարհով իրենց ձայնն ու զգացմունքները փոխանցել թուրք եղբայրներին։

«Մենք կտրականապես մերժում ենք թուրքական դրոշի դեմ ուղղված գործողությունները և պահանջում ենք անհապաղ դադարեցնել սադրանքները, որոնք ուղղված են ազատագրված տարածքներում թուրքական ներկայությանը»,- ասվում է հայտարարության մեջ։

Սիրիայի ժամանակավոր կառավարությունը կոչ է արել ազատագրված շրջաններում բնակվող  ժողովրդին մերժել սադրիչ գործողությունները, որոնք ուղղված են «խարխլելու Թուրքիայի և Սիրիայի ժողովուրդների միջև գոյություն ունեցող դաշինքը և հեղափոխության ձեռքբերումները՝ որպես պատրվակ օգտագործելով Կայսերիի դեպքերը»:

«Սիրիացի ժողովուրդը գիտի, որ այս միջադեպերին աջակցում են հեղափոխության թշնամիները՝ թուրք-սիրիական ժողովրդի հարաբերությունները վնասելու համար»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Հայտարարության մեջ նաև մեջբերվել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ընդգծվել, որ Կայսերիում տեղի ունեցած միջադեպերը ոչ մի դեպքում չեն կարող հանդուրժվել, և այս տխուր իրադարձությունները թույլ չեն տա ստվեր գցել եղբայրական հարաբերությունների վրա։

Share