News Image

Սիրիայում թուրքական բեռնատարները հարձակման են ենթարկվել

Թուրքիայում սիրիացիների դեմ իրականացված հարձակումներին ի պատասխան սիրիացիները հարձակվել են Սիրիա մուտք գործած թուրքական բեռնատարների վրա: 

Սոցցանցերում տեղ գտած տեսանյութերում երևվում է, որ հարձակման է ենթարկվել Բաբյուլ Սելամ սահմանային անցակետից Էլ Բաբ մուտք գործած թուրքական բեռնատարը: Ամբոխը փայտերով կոտրել է նաև մեքենայի պատուհանները: 

Հարձակումն իրականացրած սիրիացիների գործողություններն ուղղորդվել են «Ալլահ Աքբար» վանկարկումներով:
 
Նմանատիպ դեպք է գրանցվել Աֆրինում (Սիրիայի հյուսիս) ևս: Նշվում է նաև, որ վանկարկումներով ուղեկցվող հակաթուրքական ակցիաներին զուգահեռ Սիրիայի որոշ շրջաններում զինված բախումներ են տեղի ունեցել: 

Սիրիական աղբյուրները հայտնում են 1 մարդու մահվան, և ևս 7-ի վիրավորում ստանալու մասին: 

Հարձակումներ են գրանցվել նաև Աֆրինում գտնվող Թուրքիայի «նահանգապետարանի» շենքի ուղղությամբ, հնչեցվել են նաև հակաթուրքական վանկարկումներ:  

Այս իրադարձության մասին տեղեկատվության աղբյուր հանդիսացող «Սիրիայի մարդու իրավունքների մշտադիտարկման կենտրոնի» աշխատակիցները պնդում են, որ Սիրիայում տեղի ունեցողը հունիսի 30-ին Թուրքիայում հակասիրիական գործողությունների հետևանք են:

Հիշեցնենք, որ Թուրքիայի կենտրոնական Կայսերի (Կեսարիա) նահանգի Մելիքգազը շրջանի Դանըշմենթգազի թաղամասում մի խումբ մարդիկ հարձակվել էին սիրիացիներին պատկանող աշխատատեղերի և մեքենաների վրա:

Դեպքի վայրում տեղի ունեցածի հետևանքով վիրավորվել էր ոստիկանության 10 աշխատակից:

Ավելի վաղ լուրեր էին տարածվել մի սիրիացի տղամադրու կողմից երեխայի նկատմամբ սեռական ոտնձգություն իրականացնելու մասին, ինչն էլ պատճառ էր հանդիսացել դեպքերի նման զարգացման:

Կայսերիի նահանգապետը հանդես էր եկել դեպքի մասին հայտարարությամբ, նշելով, որ բռնություն իրականացնելու համար կասկածվող անձը ձերբակալվել է, իսկ երեխան գտնվում է հատուկ վերահսկողության ներքո:

Նահանգի ոստիկանապետ Աթանուր Այդընն էլ հայտարարել էր, որ կասկածյալն իր ընտանիքի հետ միասին աքսորվելու է երկրից:

Թուրքիայում տեղի ունեցած դեպքերին հաջորդել էին հուլիսի 1-ին Սիրիայի մի շարք շրջաններում բողոքի ակցիաները, որի ընթացքում այրվել և ապամոնտաժվել են Սիրիայի տարբեր շրջաններում տեղակայված թուրքական դրոշները:

Թուրքիայի ռազմաբազաների մոտ հավաքված ամբոխին կանգնեցնելու համար թուրքական ԶՈՒ-ն նույնիսկ կրակ է բացել դեպի օդ: 

Share