«Զվարթնոց» օդանավակայանի կոնցեսիոն պայմանագիրը կերկարացվի մինչև 2067 թվականը:
Կառավարությունը հունվարի 22-ի նիստում հավանություն է տվել ՀՀ կառավարության և «Կորպորասիոն Ամերիկա Ս.Ա.»-ի միջև ստորագրված կոնցեսիոն պայմանագրի հինգերորդ լրացմանը:
Կոնցեսիոները՝ «Կորպորասիոն Ամերիկա Ս.Ա.» ընկերությունը, մինչև 2033 թվականը կկատարի 425 մլն դոլարի կապիտալ ներդրումներ՝ կառավարության հետ համաձայնեցված Մաստեր-պլանի և ներդրումային ծրագրի համաձայն:
Նոր կոնցեսիոն պայմանագիրը, որը բավականին երկար բանակցվել է, շատ ավելի նպաստավոր պայմաններ է ապահովում Հայաստանի Հանրապետության համար:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը, «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնելով այս մասին, նշել է, որ մասնավորապես արմատապես վերանայվում է ուղևորահոսքերի նվազման պարագայում տրվելիք փոխհատուցումների մեխանիզմները. երաշխավորված IRR-ի և վնասների հատուցման բանաձևերը ուժը կորցրած են ճանաչվում:
«Վերացվում են նաև «Սյունիք» օդանավակայանի վերաբերյալ սահմանափակումները, որը նախատեսվում է դարձնել միջազգային օդանավակայան:
Ավելացնեմ միայն, որ ընդունված որոշման արդյունքում ունենալու ենք Հայաստանի միջազգային օդանավակայանների թողունակության զգալի ընդլայնում, ենթակառուցվածքների բարելավում և սպասարկման որակի բարձրացում»,- գրել է Թունյանը: