News Image

Արտոնություններ՝ ընտանեկան բռնության ենթարկված անձանց համար․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը

Արտոնություններ՝ ընտանեկան բռնության ենթարկված անձանց համար


Այսօր Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը, որի հեղինակը ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանն է։


Նախագծով առաջարկվում է դատարաններում պետական տուրքի վճարումից ազատելու արտոնություններ սահմանել ընտանեկան բռնության ենթարկված այն անձանց համար, որոնք հանդես են գալիս՝
•    նախազգուշացումը կամ անհետաձգելի միջամտության որոշումը վերացնելու վերաբերյալ դատարանի վճիռների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքներով,
•    ամուսնալուծության վերաբերյալ հայցերով,
•    ծնողական իրավունքների իրականացման վերաբերյալ հայցերով, այդ թվում՝ երեխայի բնակության վայրը որոշելու, երեխայի հետ տեսակցության կարգ սահմանելու, երեխայի հետ շփվելու, երեխայի խնամքին, դաստիարակությանն ու կրթությանը մասնակցելու հարցերով,
•    հայրությունը որոշելու վերաբերյալ հայցերով,
•    ծնողական իրավունքները սահմանափակելու կամ ծնողական իրավունքներից զրկելու վերաբերյալ հայցերով։

Ներկայումս պետական տուրքի վճարումից ազատվում են այն հայցվորները, որոնք դատարան են դիմում «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրենքով նախատեսված պաշտպանական որոշման վերաբերյալ հայցերով։

Միաժամանակ, փորձը ցույց է տալիս, որ ընտանեկան բռնություն գործադրած անձինք վարչական դատավարության կարգով հաճախ բողոքարկում են ոստիկանության կողմից կիրառված պաշտպանության միջոցները՝ նախազգուշացումները և անհետաձգելի միջամտության մասին որոշումները։ Այդ դեպքում բռնության ենթարկված անձինք ստիպված են լինում վերաքննիչ, ապա նաև վճռաբեկ կարգով բողոքարկել վարչական դատարանների դատական ակտերը՝ առանց պետական տուրքի վճարումից ազատման արտոնյալ պայմանների։

Արդյունքում՝ արդեն իսկ ծանր հոգեբանական և սոցիալական վիճակում գտնվող բռնության ենթարկված անձինք հայտնվում են կրկնակի անբարենպաստ և խոցելի իրավիճակում։

Share