Երեկ լուր տարածվեց, որ դպրոցահասակ տղա է մահացել։
«Գուրգենը սահնակով սահելիս բախվել է պատին և մահացել»,- Araratnews-ին տեղեկացրին դպրոցից, պատմելով, որ դեպքը տեղի է ունեցել գիշերվա ժամին, երբ մի խումբ երեխաներ սահել են սահնակով։
«Երկու տղա նստել են նույն սահնակը և մեծ արագությամբ իջել ներքև, ինչի հետևանքով բախվել են պատին և ընկել տարբեր ուղղություններով։ Տղաներից մեկը կոտրել է կոնքոսկրը, 2-րդը մահացել է, բժիշկների տված տեղեկությամբ՝ լյարդն է պայթել և կյանքը փրկել չի հաջողվել»,- ասացին դպրոցից։
Նշենք, որ երեկ Գորիսի Ա. Բակունցի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի ֆեյսբուքյան էջում ցավակցական գրառում էր հրապարակվել՝ ցավով տեղեկացնելով աշակերտի մահվան մասին։
Գրառման մեջ մասնավորապես նշվում էր․ «Խոր ցավով ու սրտի կսկիծով հայտնում ենք, որ կյանքից անժամանակ հեռացել է մեր դպրոցի աշակերտ Գուրգեն Կարենի Գրիգորյանը։ Մի լուսավոր ժպիտ, մի չավարտված երազ, մի կյանք՝ կիսատ մնացած… Այս անդառնալի կորստի պահին մեր մտքերն ու աղոթքները նրա ընտանիքի, հարազատների և ընկերների հետ են։ Թող նրա հիշատակը ապրի մեր սրտերում՝ որպես լույս, որ երբեք չի մարում։ Խաղաղություն նրա հոգուն»։