Ես ցանկացել եմ շարունակել իմ աշխատանքը (ԱԺ նախագահի պաշտոնում - խմբ.), քանի որ լինելով պատմության մեջ ամենից երկար պաշտոնավարած ԱԺ նախագահը, որն ամբողջությամբ իր ժամկետն աշխատել է, կարծում եմ՝ իմ աշխատանքը պետք էր շարունակել, բայց նաև գոյություն ունի կուսակցություն և վարչություն, և ես ասել եմ՝ ոնց կորոշի վարչությունը։ Ես ենթարկվում եմ իմ վարչության որոշմանը: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Նրա խոսքով՝ նեղվածություն՝ որպես այդպիսին, չունի:
«Կարծում եմ, որ աշխատանքային պրոցեսը ենթադրում է, որ ինչ-որ փոփոխություններ պետք է լինեն։ Ենթադրում եմ՝ ինչ-որ փուլում, ինչ-որ տեղում օգտակար կլինեմ մեր երկրին, մեր կուսակցությանը։ Ես վարչապետի հետ քննարկել եմ, ինչպես նաև վարչության հետ եմ խոսել, չեմ վերցնի մանդատը և չեմ գա Ազգային ժողով որպես պատգամավոր՝ շարունակելու աշխատանքը»,- տեղեկացրեց նա:
Ալեն Սիմոնյանի խոսքով՝ նախևառաջ ուզում է մի քիչ հանգստանալ:
«Ինձ համար աշխատանքային առումով ծանր տարի էր. մի մոռացեք, որ սա հետպատերազմյան Ազգային ժողով էր, սա տարբեր մարտահրավերների և ծանր իրավիճակների միջով անցած Ազգային ժողով էր, և իրոք շատ դժվար էր այն աշխատանքը, որ ես իմ գործընկերների հետ մեկտեղ իրականացրել եմ։
Իսկականից ուզում եմ մի քիչ հանգստանալ։ Նաև անձնական կյանք ունեմ, նաև անձնական կյանքս եմ ուզում ինչ-որ ձևով արդեն վերջնական կարգավորեմ, և ուզում եմ ինչ-որ ժամանակ դուք էլ ինձ կարոտեք և մարդկանց շատ չհոգնեցնեմ»,- ասաց նա։
Լրագրողներից մեկի ճշտող հարցին՝ վարչապետի հետ որևէ բան քննարկե՞լ է, տվեց բացասական պատասխան:
«Ոչ, այս պահին որևիցէ բան չենք քննարկել, որևէ պայմանավորվածություն գոյություն չունի: Ես տեսա, դուք վարչապետին հարցնում էիք մեր հարաբերությունների մասին: Ուզում եմ առիթն օգտագործել ու ասել՝ ես քաղաքականության մեջ կամ միայն «Քաղաքացիական պայմանագրի» շրջանակում, միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Ես չեմ տեսնում ինձ առանց Նիկոլ Փաշինյանի որևիցե քաղաքական պրոցեսում»,- ընդգծեց Սիմոնյանը: