News Image

Քաղաքական դաշտի մաքրում ենք նախատեսում ընտրակաշառատու սրիկաներից. Վահագն Ալեքսանյան

Ընտրությունների՝ կեղծված լինելու մասով ընդդիմությունը մասամբ ճիշտ է, քանի որ իրենք ամեն կերպ փորձել են կեղծել ընտրությունները: Ակնհայտ է Հակակոռուպցիոն կոմիտեի բացահայտումների ծավալից, թե ինչ մասշտաբի է եղել հանրապետությունում ընտրակաշառքը, թե ինչպես են այդ սրիկաները ՀՀ քաղաքացիների ճակատին փորձել գնապիտակ փակցնել: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով ընդդիմության՝ ընտրությունները կեղծված լինելու մասին հայտարարություններին:

Նրա խոսքով՝ ՀՀ քաղաքացին չի ծախվել, ՀՀ քաղաքացին այդ ծախու արարածներին ասել է, որ ինքն իր հոգին ու քվեն չի վաճառում:

«Մենք հիմա շատ կարևոր օրենսդրական փոփոխությունների նախաձեռնման փուլում ենք, որ հետագայում արդեն ամեն ինչ շատ ավելի հստակ լինի ընտրակաշառքի մասով, որովհետև առնվազն էն, ինչ ես եմ հասկացել մեր իրավաբանների հետ խորհրդակցությունից, էն է, որ այս պահի դրությամբ մեր օրենսդրությունը բավականաչափ հստակ չէ, ու ընտրակաշառատու սրիկաները կարողանում են դեռևս մանևրել օրենքի շրջանակում»,- ասաց նա:

Ճշտող հարցին՝ ինչ փոփոխությունների մասին է խոսքը, պատգամավորը նշեց՝ առնվազն ընտրակաշառք բաժանելու մասով շատ լուրջ խստացումներ ենք նախատեսում ու քաղաքական դաշտի մաքրում նախատեսում ընտրակաշառատու սրիկաներից:

Նրա խոսքով՝ երեկ ԿԸՀ-ի դիմաց ընդդիմադիր բոլոր կուսակցությունների հրավիրած հավաքի մասնակցիների թիվը վկայում է, որ դա կես միլիոն ձայն ստացած քաղաքական միավորի հավաք չէր:

«Առնվազն ակնհայտ է, որ նրանք մարդկանց հետ գոործարքի են գնացել: Մեկանգամյա է եղել գործարքը՝ փողը վերցրել են, գնացել ընտրել: Հետագա ցույցերի մասով պայմանավորվածություն չի եղել»,- ավելացրեց Ալեքսանյանը՝ ընդգծելով՝ այդ ուժերի բացարձակ մեծամասնությունն ստացել են ընտրակաշառքի բերումով:

Share