Ծիրանի, սալորի, կեռասի, հանքային ջրի, գինու և բրենդիի արտահանումը խթանելու նպատակով առաջարկվում է հունիսի ընթացքում արտահանում իրականացնող տնտեսվարողներին տրամադրել փոխհատուցում. ծիրանի 1 կգ-ի համար՝ 200 դրամ, սալորի, դեղձի և նեկտարինի յուրաքանչյուր 1 կգ-ի համար՝ 250 դրամ, կեռասի համար՝ 400 դրամ, շշալցված խաղողի գինու յուրաքանչյուր 1 լիտրի համար՝ 350 դրամ, շշալցված բրենդիի՝ յուրաքանչյուր 1 բացարձակ լիտրի համար՝ 830 դրամ, և հանքային ջրի համար՝ 150 դրամ: Այդ մասին Կառավարության՝ հունիսի 11-ի նիստին ասաց էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը՝ ներկայացնելով համապատասխան նախագիծը:
«Նշված ապրանքների արտահանումը հունիս ամսվա ընթացքում իրականացնելուց հետո փոխհատուցման նպատակով տնտեսվարող սուբյեկտը դիմում է էկոնոմիկայի նախարարություն և ներկայացնում է 2 փաստաթուղթ՝ ԵԱՏՄ անդամ պետություններ արտահանման նպատակով լրացված տարանցման հայտարարագիր կամ արտահանում՝ մաքսային ընթացակարգով ձևակերպված հայտարարագրի պատճենները, ինչպես նաև հաշվարկային փաստաթուղթը, նույն ինքը՝ հաշիվ ապրանքագիրը»,- ասաց նա:
Ըստ նախարարի տեղակալի՝ այս որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կտա դիվերսիֆիկացնելու արտահանման շուկաները, այն նաև կնպաստի կազմակերպության բնականոն գործունեության ապահովմանը:
«Այս նախագիծը տարածվում է հունիսի 1-ից արտահանում իրականացրած ապրանքների վրա, և քանի որ Կառավարությունը նաև իր հանրային խոսքում նշել էր, որ նմանատիպ ծրագիր լինելու է, հունիսի 1-ից հետո իրականացվել են արտահանումներ: Օրինակ բերեմ՝ այս ընթացքում արտահանվել է շուրջ 257,000 կգ կեռաս, 64,900 կգ ծիրան: Այդ արտահանումներն իրականացրած կազմակերպությունները նույնպես կարող են դիմել այս ծրագրին և ամսվա ավարտին ստանալ փոխհատուցում»,- ասաց նա:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխհատուցման չափերը հաշվի առնելով, հորդորեց վերահսկել այս որոշման համատեքստում հնարավոր չարդարացված գնաճը: