News Image

ՊԵԿ-մասնավոր հատված երկխոսություն. քննարկվել են կառուցապատման ոլորտի մարտահրավերներն ու նախաձեռնությունները

Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Համլետ Սահակյանի գլխավորությամբ օրերս տեղի է ունեցել ոլորտային հանդիպում՝ «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ։ Պետություն-մասնավոր հատված երկխոսության առանցքում՝ կառուցապատման ոլորտի ներկայացուցիչների կողմից առաջարկվող օրենսդրական նախաձեռնությունների քննարկումն էր։ Հանդիպմանը մասնակցել են նաև ՊԵԿ ստորաբաժանումների ղեկավարները։ Այդ մասին հայտնում են ՊԵԿ-ից:

Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են արդյունավետ և կառուցողական երկխոսության ապահովումը՝ կառուցապատման ոլորտի մարտահրավերների և դրանց հաղթահարման ուղիների շուրջ համատեղ քննարկումների համատեքստում։ Միաժամանակ, բարձր են գնահատվել Պետական եկամուտների կոմիտեի դերը և որդեգրած բիզնեսակենտրոն մոտեցումները, որոնք նպաստում են պետություն–մասնավոր հատված համագործակցության շարունակական ընդլայնմանը, գործարար միջավայրի բարելավմանը և ոլորտի ներկայացուցիչների կողմից բարձրացված խնդիրների հասցեական լուծմանը։

Հանդիպման ընթացքում Ասոցիացիայի կողմից ներկայացվել են օրենսդրական նախաձեռնությունները, որոնք միտված են կառուցապատողների գործարար վարքագծի բարելավմանը, սպառողների շահերի պաշտպանությանն ու հանրային շահի հավասարակշռված ապահովմանը։ Այս ենթատեքստում, մասնավորապես, քննարկվել են կառուցապատողների սնանկության առանձնահատկությունները սահմանող օրենսդրական նախաձեռնությունը և «Գնելու իրավունքով ծանրաբեռնված կառուցապատման մասին» օրենքի նախագիծը։ Անդրադարձ է եղել նաև ոլորտում առկա խնդիրներին, որոնց կարգավորման շրջանակում քննարկվել են կառուցապատողների կողմից հողամասերի ձեռքբերման, կանոնադրական կապիտալում ներդրման կամ վաճառքի հետ կապված հարցերը և կառուցվող անշարժ գույքի վաճառքի գների նկատմամբ հսկողության մեխանիզմները, որոնք հնարավորություն կտան սահմանելու իրավախախտ և բարեխիղճ տնտեսավարողների տարբերակման մեխանիզմները։ Միաժամանակ, քննարկվել են քաղաքաշինական ծրագրերում շրջանառության հարկով հարկվող ծախսերի մասով առաջացող խնդիրները։

Ամփոփելով հանդիպումը՝ ընդգծվել է քննարկումների այս ձևաչափը, որպես կառուցապատման ոլորտում կանխատեսելի և թափանցիկ կարգավորումների ձևավորմանը նպաստող հարթակ։ Կարևորվել են նաև ոլորտային բարեվարքության կանոնների սահմանումը և դրանց համահունչ տնտեսվարողների վարքագծային փոփոխությունները։

Share