News Image

Ասում է՝ ոչխարներին առաջս եմ անում, տանեմ ցույցի, գլուխը 5000 ... ո՞ր կոնտեքստի մեջ դա ընտրակաշառք չէ. Ալեքսանյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունից պատգամավորի 4 թեկնածու հետախուզման մեջ է ընտրակաշառքի գործով, փախած է քննությունից, հետախուզման մեջ է: Ինչ է սա նշանակում: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

Լրագրողներից մեկի դիտարկմանը՝ ընդդիմությունը իշխանությանն է մեղադրում ընտրությունները կեղծելու մեջ, Ալեքսանյանը պատասխանեց՝ իրենց գործընկերները որոշել են՝ կարող են ՀՀ քաղաքացիների ճակատին գնապիտակ փակցնել:

«Եթե հանկարծ սխալվեն, գան նոր Ազգային ժողով, ես կարծում եմ՝ այդ գնապիտակները պետք է վերադառնան իրենց ճակատներին»,- ասաց նա:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե ընդդիմությունը հայտարարում է հրապարակված ձայնագրությունների՝ մոնտաժված լինելու մասին, պատգամավորը հայտարարեց՝ շատ բան են ասում:

«Մի հատ էդ ձայնագրությունները լսեք: Ասում են՝ կոնտեքստից կտրված է: Որ կոնտեքստի մեջ ուզում եք, էդ արտահայտությունները դրեք, ո՞ր կոնտեքստում դա ընտրակաշառք չէ ու դա օրինական է: Ո՞ր կոնտեքստի մեջ է, որ ասում է՝ ոչխարներին առաջս եմ անում, տանեմ ցույցի, ո՞ր կոնտեքստի մեջ է, որ ասում է՝ գլուխը 5000, ո՞ր կոնտեքստի մեջ է, որ ասում է՝ մարդը 70 է ստանդարտ գինը, թե՞ 50: Ո՞ր կոնտեքստի մեջ դա ընտրակաշառք չէ»,- հայտարարեց Ալեքսանյանը: 

Լրագրողներից մեկի հարցին՝ ինչո՞ւ ՔՊ-ն չի քննարկում ՍԴ-ում այս հարցը բարձրացնելու հնարավորությունը, ասաց՝ այս առումով տեսնում են օրենսդրական լուրջ բացեր, ինչը և տրամաբանական է, քանի որ գործող Սահմանադրությունը գրվել է գործող կլանի ներկայացուցիչների կողմից: 

Share