News Image

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուն կալանավորվել է 100-ից ավելի ընտրողի ընտրակաշառք տալու համար

Ինչպես հայտնի է, ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են 100-ից ավելի ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր:

Մասնավորապես առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Ա. Ե.-ն մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ՀՀ ԱԺ հերթական ընտրություններին «Ուժեղ Հայաստան» դաշինքի օգտին քվեարկելու պայմանով Արտաշատ համայնքի 100-ից ավելի ընտրողի 100.000-500.000 ՀՀ դրամի չափով ընտրակաշառք է տվել, իսկ նշված ընտրողները, որոշ դեպքերում գործելով այլ ընտրողների հետ, խմբի կազմում նախնական համաձայնությամբ ստացել են տարբեր դրամական միջոցների չափով ընտրակաշառքներ:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում պատգամավորի թեկնածու Ա. Ե.-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ՝ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 2-րդ մասով (ընտրակաշառք տալը) և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը):

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

Նախաքննությունը շարունակվում է։

Share